ՀՀ կենտրոնական բանկում այսօր ամփոփվել է 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. սեպտեմբեր Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Developing Markets Associates (DMA) կազմակերպության հետ համատեղ իրականացված «Ֆինանսական կրթությունը Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողների համար» ծրագիրը, որի նպատակը հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացումն է:«Ծրագիրն իրականցվել է Հայաստանում գործող 5 առեւտրային բանկերի հետ, 20 անձից բաղկացած թմով, որի ընթացքում ֆինանսական խորհրդատվություն է տրամադրվել 24 հազար մարդու: Արդյունքում արձանագրվել է 10 հազար նոր բանկային հաշվի բացում ֆիզիկական անձանց կողմից, իսկ 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. սեպտեմբեր խնայողությունների ծավալն աճել է ավելի քան $4 մլն-ով»,- ասել է ծրագրի ղեկավար Սառա Հյուգոն: Նա նշել է, «որ արդյունքը գերազանցել է սպասելիքները. ցուցանիշներն ավելին են, քան այն երկրներում, որտեղ արվել է նման ուսումնասիրություն»:Սառա Հյուգոյի փոխանցմամբ, «ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 74%-ն օգնություն է ստանում Ռուսաստանից եւ ուղղակի կախում ունի արտերկրից ստացվող գումարային օգնությունից, իսկ նախքան ծրագրի մեկնարկը բանկերի հետ հիմնական շփումը եղել է վարկ ստանալու առիթը»:«Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանում ֆինանսական պրոդուկտների հասանելիությունն այնքան էլ մեծ խնդիր չէ: Մարդկանց համար խնդիր է հասկանալ, թե ինչ ֆինանսական պրոդուկտներ կան եւ որքանով են դրանք հարմար իրենց գրպանին»,- ասել է DMA-ի գլխավոր գործադիր տնօրեն Լեոն Այզեքսը:«Հայաստանում 2012 թ-ին մուտք գործած դրամական փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ-ի 20%-ը, սակայն քիչ են մարդիկ, ովքեր խնայողություններ են կատարում բանկերում: Շատ կարեւոր է, որ մարդիկ ունենան հասանելիություն ֆինանսական ծառայությունների ոլորտում եւ գիտելիքներ ֆինանսների կառավարման բնագավառում, ինչից կշահի եւ անհատը, եւ երկրի տնտեսությունը»,- ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը կարեւորել է բնակչության ֆինանսական գրագիտությունը, «ինչը կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ մարդկանց ֆինանսական վարքագծի եւ բարեկեցության բարձրացման համար»: Համանման ծրագրեր իրականացվել են անցումային տնտեսությամբ մի շարք երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը: Tweet Դիտում՝ 1441