ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է «Թոփ Քլաս» (Top Class) երրորդ ծրագիրը՝ աճի ներուժ ունեցող ձեռնարկատերերի եւ ղեկավարների համար: «Թոփ Քլաս»-ը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու հայ եւ օտարերկրյա փորձագետների ու հաջողության հասած ձեռներեցների կողմից անցկացվող ինտերակտիվ դասընթացների, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային միջոցառումների ու համաժողովների` հաստատելու նոր գործնական կապեր: Մասնակիցները ստանում են նաեւ թիրախային ուղղորդում բիզնեսի փորձառու ղեկավարների կողմից եւ ծանոթանում են պոտենցիալ ներդրողների հետ:Ծրագիրն իրականացվում է Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED-Center for Entrepreneurship and Executive Development) կողմից ու հասանելի է CEED ցանցի 14 երկրների կենտրոններից մեծ մասում:«Թոփ Քլաս» երրորդ ծրագրի առաջին դասընթացը վարեց ԱՄՆ-ում գործող IconApps ընկերության համահիմնադիր, խորհրդի նախագահ եւ փորձառու ձեռնարկատեր Ալ Եսայանը, ով ներկայացրեց բազմաթիվ ընկերությունների կառավարման իր քսանամյա փորձը:Առաջին երկու «Թոփ Քլաս» ծրագրերի (2012-2013թթ.) դասընթացները վարել են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում գտնվող «Ռոդա Գրուփ» ներդրումային ընկերության նախագահ Ռոջեր Սթրաուքը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Ծրագրի թեմաները՝ բիզնեսի աճից, մարքեթինգից ու բրենդինգից մինչեւ ֆինանսական կառավարում եւ կապիտալի աճ: Tweet Դիտում՝ 3041