Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը պատրաստ է պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք բնակարանի արժեքի 30%-ի չափով՝ կանխավճար կատարելու համար:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, այս տարվա սկզբից շինարարության ոլորտում արձանագրվել է 8,5% անկում, որն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների հանդեպ պահանջարկը նվազել է, մեծ պահանջարկ կա էկոնոմ կլասի բնակարանների նկատմամբ, սակայն առկա առաջարկը մեծ չէ:“Կառավարությունը ձեռնամուխ է եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է ակտիվացում խթանել շինարարության ոլորտում”, - ասել է վարչապետը: Ծրագրի հիմնական թիրախը լինելու է ՀՀ քաղաքացիների կողմից էկոնոմ կլասի բնակարանների ձեռքբերման խթանումը: Այսպիսով, 2014 թ-ին պետական ծառայողները հիփոթեքային վարկերով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություններ կունենան:“Այսօր բնակարանի ձեռքբերման գլխավոր խնդիրը կանխավճարն է: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն այդ գումարը եւ չեն կարողանում ձեռք բերել բնակարան: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք բնակարանի արժեքի 30%-ի չափով՝ կանխավճար կատարելու համար”, - ասել է Տիգրան Սարգսյանը:Վարչապետի հանձնարարականով կկազմվեն պետական ծառայողների ցուցակներ, ովքեր ցանկություն ունեն ստանալ նման վարկ: Բացի այդ, կառավարությունը կհամագործակցի նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ՝ հարմար տարածքներ հայտնաբերելու եւ կառուցապատողներին տրամադրելու համար, որպեսզի կառուցապատումն ավելի ցածր գներով իրականացվի: Tweet Դիտում՝ 3229