Սեպտեմբերի 5-ից 18-ը Երեւանում էր գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը Մարկ Հորթոնի գլխավորությամբ՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:Այցի արդյունքներով Մարկ Հորթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Քննարկումներն արդյունավետ էին, եւ առաջընթաց է գրանցվել 2013 թ. մնացած ժամանակահատվածի եւ 2014-16 թթ. քաղաքականության եւ միջոցառումների ուղղությամբ: Հետագա քննարկումներն ակնկալվում են Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի հոկտեմբերին կայանալիք տարեկան ժողովների ընթացքում: 2012 թ. տնտեսության աշխուժության արագ տեմպը 2013 թ. չափավորվում է՝ արտացոլելով արտաքին, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը եւ վարկերի դանդաղ աճը: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետեւանքով: 2013 թ. սպասվում է 4%-ից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում այն աստիճանաբար կբարձրանա մինչեւ 5%՝ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման եւ պետական, մասնավոր եւ օտարերկյա ներդրումների ավելացման վրա: Պարենային ապրանքների եւ էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակային միջակայքից (4±1.5%) վերեւ: Հավանական է, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանվի բարձր գնաճը ՝ 2014թ. վերադառնալով նպատակային միջակայք՝ արտացոլելով գնաճի լավ խարսխված սպասումները եւ ՀՀ ԿԲ-ի կողմից վերջերս քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի բարձրացումը: 2013 թ-ին հավանական է, որ բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 2%-ից ցածր լինի՝ բյուջեով նախատեսված 2.6%-ի համեմատ: Ակնկալվում է, որ կապահովվեն բյուջեի եկամուտների թիրախները, իսկ ծախսերը կլինեն ավելի ցածր, թեեւ տարվա երկրորդ կիսամյակում ելքերն ավելացել են: Առաքելությունը քննարկել է 2014 թ. բյուջեի նախագիծը՝ շեշտադրելով պակասուրդը ՀՆԱ-ի 2%-ից ցածր՝ պարտքի կայունացման մակարդակին մոտ պահելու անհրաժեշտությունը եւ գնահատելով հարկերի հավաքագրումն առավել ամրապնդելու հեռանկարները՝ լրացուցիչ կապիտալ եւ սոցիալական ծախսերի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով: Առաքելությունն ընդգծել է, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումներն անհրաժեշտ է իրականացնել հանրային հատվածում արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային կայունության եւ կապիտալ ծախսերի համարժեք ապահովմանը համահունչ, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել ազդեցությանը գնաճի, մասնավոր հատվածի աշխատավարձերի եւ գործազրկության վրա: «Այս տարի արտաքին ճշգրտումն ավելացել է: Վերջինս արտահանման առողջ ընդլայնման արդյունք է, որը գլխավորել են հանքարդյունաբերությունը եւ ագրովերամշակումը, ճկուն մասնավոր տրանսֆերտները եւ ներմուծման համեստ աճը: ՀՀ ԿԲ-ն ամռանը կարողացել է պահուստներ կուտակել եւ սահմանափակել դրամի վրա աճի ուղղությամբ ճնշումները: Ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ կանխատեսման, 2014-2016 թթ. կնվազի՝ արտացոլելով գազի գների նվազումն ու արտահանման շարունակական աճը, որին օժանդակել են ռուսական շուկայում ձեռքբերումները, կառուցվածքային բարեփոխումները, ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցումը, օդային կապի ընդլայնումը եւ ենթակառուցվածքի բարելավումները: Կառուցվածքային բարեփոխումները շարունակվել են, եւ ապագա միջոցառումները պետք է նպատակաուղղվեն գործարար միջավայրի, բաց տնտեսության, մրցակցության եւ դիվերսիֆիկացման առավել բարելավմանը՝ միաժամանակ դիմագրավելով կարեւոր ռիսկերի: Հիմնական ոլորտները ներառում են կարգավորման եւ ստուգումների պարզեցումը, ներքին մրցակցությունը, մաքսային վարչարարությունը, բանկային ոլորտի եւ , կենսաթոշակային հիմնադրամի վերահսկողությունը, քաղաքացիական ավիացիայի եւ էներգետիկայի ոլորտները: Առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետեւանքների վերաբերյալ՝ կապված արտաքին մաքսատուրքերի, առեւտրի եւ ներդրումների հետ”: Tweet Դիտում՝ 2901