Սեպտեմբերի 3-ին վերականգնման աշխատանքների վերահսկման նպատակով Ամուլսար այցելած ՎԶԵԲ բնապահպանական մասնագետը եզրակացրել է, որ Լիդիան եւ Գեոթիմ ընկերությունները հսկայական ջանք են գործադրել որոնողահետախուզական աշխատանքների հետեւանքով փոփոխության ենթարկված տեղանքը վերականգնելու եւ վերակուլտիվացնելու ուղղությամբ: Գեոթիմ ընկերությունը Ամուլսարում որոնողահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006 թվականից: Հավատարիմ լինելով Ամուլսարի ծրագիրը միջազգային ամենաբարձր չափանիշներով իրականացնելու եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պահանջներին համապատասխանելու պարտավորությանը, ընկերությունը Ամուլսարում իրականացնում է ընթացիկ վերականգնողական աշխատանքներ:Այն տարածքները, որոնք հետագայում այլեւս չեն օգտագործվելու հանքի շահագործման, ենթակառուցվածքների տեղադրման եւ այլ տեխնիկական նպատակներով, բայց օգտագործվել են որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում, վերականգնվում են եւ վերակուլտիվացվում:ՎԶԵԲ մասնագետը եզրակացրել է, որ վերականգնվել են այն տեղանքները, որտեղ նախկինում բացվել են ճանապարհներ, կամ արվել են հորատանցքեր, որոնք այլեւս չեն օգտագործվելու: ՎԶԵԲ մասնագետը նաեւ ընդգծել է, որ Լիդիանը զգալիորեն բարելավել է ջրահեռացումը ճանապարհներից եւ հետագայում օգտագործվելիք այլ տեղանքներից, ինչը կանխարգելում է ձնհալի եւ անձրեւաջրերի պատճառով էրոզիայի վտանգը: Դրական է գնահատվել հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքների մեծ մասը իրականացվում է շրջակա համայնքներում բնակվող մարդկանց կողմից, որոնք զբաղված են ամենատարբեր վերականգնողական աշխատանքներում, այդ թվում եւ աշխատում են ծանր տեխնիկայի վրա: Բացի վերականգնողական եւ վերակուլտիվացիոն աշխատանքներից, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ընդգծել է նաեւ աղբի եւ կենցաղային թափոնների կառավարման կարեւորությունը, որ Գեոթիմն իրականացնում է միջազգային լավագույն չափանիշներով: Խոսքը մասնավորապես պլաստիկի, մետաղի, ապակու եւ թղթի տարանջատման մասին է, դրանք հնարավորինս շատ օգտագործելու եւ վերամշակելու նպատակով: ՎԶԵԲ ներկայացուցիչը հայտնել է, որ տպավորված է արված աշխատանքներով եւ այն հանգամանքով, որ ավելի քան 35 աշխատակից զբաղված է միայն վերականգնողական եւ բնապահպանական աշխատանքներով:Ամուլսարում ընթացիկ բնապահպանական միջոցառումների մասին տեսանյութը կարող եք դիտել ստորեւ. Tweet Դիտում՝ 2985