Նոր ուսումնական տարվանից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների համար կիրականացնի մի շարք սոցիալական ծրագրեր:Մասնավորապես, այս ուսումնական տարվանից ՀՊՏՀ առաջին կուրս ընդունված լավ սովորող (4-շեմից սկսած) ուսանողները կստանան ամսական կրթաթոշակներ, որոնք կտրվեն երկրորդ կիսամյակից, սակայն ամբողջ տարվա համար՝ փոխհատուցելով նաեւ առաջին կիսամյակի ամիսները: Սահմանվել է 5-20 հազար դրամ ամսական կրթաթոշակ: «Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին մենք պետք է խրախուսենք: Այսպիսով ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծում, այլեւ խրախուսում լավ սովորողին»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա նաեւ ընդգծել է, որ սրա հետ մեկտեղ պահպանվելու է նաեւ ուսման վարձերի զեղչման նախկին համակարգը:Ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հաջորդ քայլը նրանց մատչելի գներով հանրակացարանով ապահովելու ծրագիրն է: Բուհը նորոգված եւ նոր կահավորված հանրակացարանով է պատրաստվում ընդունել իր բոլոր ուսանողներին: Ուսանողների սոցիալական խնդիրների թեթեւացմանն է ուղղված նաև համալսարանի ամբողջությամբ նորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված ճաշարանի գործարկումը, որտեղ սննդի գները պետք է լինեն մատչելի: «Ճաշարանը պետք է աշխատի նվազագույն շահույթով, ընդամենը ինքնածախսածածկում պիտի ապահովի»,- շեշտել է ռեկտորը: Ներկայացվել է նաեւ, որ ՀՊՏՀ ղեկավարությունը հասարակական ակտիվություն եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հանգստի կազմակերպման համար արդեն մի քանի տարի, այս տարի ամռանը եւս՝ «Տնտեսագետ» մարզաառողջարանի 50 անվճար ուղեգիր է հատկացրել: Tweet Դիտում՝ 2856