Բարելավվել են դեղերի ոլորտում բիզնես սկսելու մի շարք պայմաններ

28.08.2013 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /

«Օրենսդրության կարգավորման կենտրոն» պետական հիմնարկի նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշումներ` դեղերի վերահսկողության ոլորտում մի շարք իրավական ակտերի կրճատման եւ պարզեցման ուղղությամբ, որոնցով բարելավվել են նշված ոլորտում  բիզնես սկսելու պայմանները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի փորձագետ, իրավաբան Կարեն Ղալթախչյանը, «կատարված փոփոխությունները իրավաբանական եւ ֆիզիկական անձանց թույլ կտան նշված գործունեությունը ծավալել առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության ու վարչարարության, պարզեցվել է ստուգման ընթացակարգը»:

Դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման ոլորտում  կատարված փոփոխության արդյունքում հանվել է դեղերի արտադրության լիցենզավորման փուլում հայտատուի մոտ ստուգման պարտադիր պահանջը, քանի որ լիցենզավորման հայտին կցվում է GMP (ՊԱԳ-պատշաճ արտադրական գործընթաց) ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, որն իրականացվում է ՀՀ ԱՆ ենթակայության տակ գնվող ՓԲԸ կողմից, եւ որի ընթացքում հայտատուի մոտ իրականացվում է համալիր ստուգում: Նոր կարգով սահմանվել է, որ դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման փուլում հայտատուի մոտ ստուգումները պետք է իրականացվեն ընտրանքային եղանակով, որի կարգը սահմանվում է առողջապահության նախարարի կողմից: Նոր կարգի համաձայն, լիցենզիա ստանալու համար նախատեսված պետական տուրքը վճարվելու է միայն լիցենզիան տրամադրելու որոշումը կայացնելուց հետո`5 օրյա ժամկետում:

Փոփոխությունների արդյունքում հանվել է նկուղներում եւ կիսանկուղներում դեղատնային գործունեության ծավալման արգելքը, դեղատների եւ դեղատնային կրպակների հիմնական տարածքներից առանձնացված մուտք ունենալու պարտադիր պահանջը: Հայտատուների կողմից լիցենզավորման հայտերին կից ներկայացվող որակական եւ մասնագիտական պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայական, վկայագիր, հետբուհական մասնագիտական կրթություն, վերապատրաստում եւ այլն) պահանջը, ինչպես նաեւ լիցենզիայի տրամադրման հայտերի մերժման հիմքերից «օրենքով եւ սույն կարգով նախատեսված այլ դեպքերում» մերժման հիմքը:

Սահմանվել է, որ լիցենզավորման հայտերում, հայտերին կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների, բացթողումների, անճշտությունների վերաբերյալ հայտատուներին լիցենզավորող մարմինը հայտը ստանալուց աշխատանքային 2 օր հետո հայտատուին տեղյակ է պահում այդ մասին՝ հնարավորություն ընձեռելով տեղեկացվելոց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները: Նախկինում վերոնշյալի համար ժամկետներ սահմանված չէին:

Բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում ՀՀ  առողջապահության նախարարն այլեւս իրավասու չէ սահմանել բժշկական հիմնական սարքավորումների շահագործման առավելագույն ժամկետները:

Լիցենզիաների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությանը տեղեկացնելու հարաբերություններում հանվել է պարզ լիցենզիա ստացող անձանց կողմից լիցենզիա ստանալու մասին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությանը տեղեկացնելու պահանջը:

Նոր կարգի համաձայն սահմանվել է, որ լիցենզավորող մարմինը ինքը պետք է տեղեկացնի ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությանը պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիաների մասին, ինչպես ներկայումս արվում է բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պարագայում:

Կարեն Ղալթախչյանը փոխանցմամբ, առաջիկայում բարեփոխումներ կլինեն նաեւ դեղորայքի ներմուծման եւ արտահանման ոլորտում:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 3229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW