Ս.թ. հուլիսի 29-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության` «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ հայցի քննությունը` բավարարելով այն:«Սթար Դիվայդ» ընկերությունը, որին պատկանում է «Սթար» առեւտրային ցանցը, հայցվոր ընկերությանը պարտք է 71 մլն 845 հազար դրամ:Մեդիամաքս-ը դատարանի որոշման եւ սնանկության գործի հետագա ընթացքի մասին խոսել է «Սթար Դիվայդ»-ի տնօրենության եւ սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանի հետ:«Սթար» առեւտրային ցանցից Մեդիամաքս-ը տեղեկացավ, որ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն օգոստոսի 9-ին բողոքի հայց է ներկայացրել Վերաքննիչ դատարան` Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ:Ընկերությունից մեզ հայտնեցին նաեւ, որ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն սնանկության հարցը վիճարկելու է բոլոր ատյաններում` ունենալով առողջացման հստակ ծրագիր»:«Սթար Դիվայդ»-ի սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «Սնանկության մասին ՀՀ օրենքի համաձայն, վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության գործի քննությունն ու կառավարչի պարտականությունները»: «Վերաքննիչ դատարանը կքննի գործը եւ կպարզի` Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ որոշում է կայացրել ընկերության սնանկ ճանաչելու վերաբերյալ, թե ոչ: Բարձր ատյանների դատարանների կայացրած վճիռների կամ որոշումների հիման վրա պարզ կլինի սնանկության գործի հետագա ընթացքը»,- ասել է նա:Սնանկության ժամանակավոր կառավարիչը նշել է, որ «Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու դեպքում «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն դուրս կգա սնանկության գործընթացից, իսկ հաստատվելու դեպքում կշարունակվի սնանկության գործընթացը»: Անդրադառնալով «Սթար»-ի առողջացման ծրագրին` մեր զրուցակիցն ասել է հետեւյալը. «Երբ ֆինանսական առողջացման ծրագիրը Սնանկության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով կներկայացվի դատարան, պարտատերերն ու դատարանը այն կքննարկեն, եւ դատարանի կողմից հաստատվելու դեպքում դրան ընթացք կտրվի»: Նշենք, որ «Սթար» առեւտրային ցանցում հաստատեցին այն լուրը, որ ներկայումս ՀՀ դատարաններում ընդդեմ «Սթար Դիվայդ»-ի քննվում է շուրջ 15 դատական հայց:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 4648