Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր է շարունակել Հայաստանում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը (CARMAC 2):Այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ՀԲ հայաստանյան ծրագրերի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսը, հայտնել է նախարարության մամլո ծառայությունը: ՀԲ հայաստանյան ծրագրերի ղեկավարը ներկայացրել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (CARMAC 1) ծրագրի ընթացքը եւ նշել, որ տպավորված է արդեն գրանցված արդյունքներով: Նախարարը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել են համայնքների արոտավայրերը, ավելացել է անասնագլխաքանակը, անասնապահական մթերքների քանակը, զարգացել է կառավարման համակարգը: CARMAC 2-ի նպատակով ՀԲ պատվիրակությունն արդեն այցելել է մարզեր եւ հնարավորություն է ունեցել ծանոթանալ իրականացված աշխատանքներին: Նոր ծրագիրը ենթադրում է համայնքների արոտավայրերի կառավարում 100 համայնքների ներգրավմամբ, կաթի, մսի, բանջարեղենի արժեշղթաների մշակում, ինչպես նաեւ կառուցվածքային կարողությունների բարելավում: $30 մլն արժողությամբ այս ծրագրի շրջանակներում կստեղծվեն կաթի ընդունման կետեր, սպանդանոցներ, անասնաբուծական կենտրոններ, կբարելավվի մեքենայացված կիթի կազմակերպումը:Նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաեւ համանքներում կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաեւ հակակարկտային ժամանակակից ցանցեր ներդնելու հնարավորությունները, նշելով, որ ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի գյուղացիների եկամուտների ավելացումը: Tweet Դիտում՝ 1692