Զովացուցիչ ըմպելիքների թանկացման ուղղակի եւ անուղղակի պատճառները
29.07.2013 | 10:20
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ http://inpress.ua/

Հուլիսը Հայաստանում թանկացումների ամիս դարձավ: Տրանսպորտի սակագնի 50%-ոց աճին եւ դրան հաջորդած բողոքի ցույցերին ու ակցիաներին նախորդել էին որոշ ապրանքատեսակների թանկացումները 20-ից 40 դրամով:
Մասնավորապես, թանկացել են զովացուցիչ ըմպելիքները, որոնց գների բարձրացումը համընկավ դրանց վրա «Տեղական» նշումով դրոշմապիտակների հայտնվելու հետ: Շատերը այս երեւույթը վերագրում են պիտակներին` համարելով, որ այսուհետ ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով: Banks.am-ը որոշեց պարզել թանկացումների իրական պատճառները:
Պետեկամուտների կոմիտեից հայտնեցին, որ հուլիսի 1-ից ջուր, ըմպելիքներ, գարեջուր, մինչեւ 9% սպիրտայնությամբ խմիչք եւ հյութեր ներմուծողները եւ դրանք ՀՀ-ում արտադրողները պարտավոր են իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով: Սակայն դրոշմապիտակի գինը համարվում է հարկի գծով կանխավճար, այսինքն` դրոշմապիտակը, ըստ էության, պետության հաշվին է ձեռք բերվում:
«Սպառողների մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե թանկացումները դրոշմապիտակների հետեւանք են: Սակայն դրանք ընկերության համար ծախս չեն հանդիսանում, հետեւաբար, չեն կարող թանկացման պատճառ լինել: Թանկացմանը նպաստել են այլ գործոններ, մասնավորապես, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- մեզ ասաց «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն Նարեկ Բադիրյանը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արա Բրուտյանը եւս նշեց, որ դրոշմապիտակների ներդրումը որեւէ կերպ չի անդրադարձել ընկերության կողմից արտադրվող արտադրատեսակների գների վրա:
Արա Բրուտյանն ասաց, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը ս.թ. ապրիլ ամսից ի վեր իր ապրանքատեսակների գները չի բարձրացրել եւ նման ծրագրեր չունի:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ առեւտրային ցանցերից: «Մոսկվիչկա» ցանցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Պետրոսյանը հաստատեց, որ գների աճ տեղի է ունեցել, միաժամանակ նշելով, որ դա տեղի է ունեցել ոչ թե ցանցի, այլ մատակարարների նախաձեռնությամբ: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «Սթար» եւ «SAS» ցանցերից, ինչը չհաջողվեց:
Ուղղակի կապ դրոշմապիտակների ներդրման ու թանկացումների հետ, կարծես, չկա: Սակայն բացառված չէ անուղղակի կապի առկայությունը` դրոշմապիտակների ներդրման հիմնական նպատակը իրացման իրական ծավալների հաշվարկումն ու ստվերային շրջանառության բացահայտումն է: Գուցե գների բարձրացման շնորհիվ որոշ արտադրողներ փորձում են փոխհատուցել հասույթի այն մասը, որը այլեւս չեն ստանալու ստվերային շրջանառությունից:
Շուշան Մարգարյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: