2013-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ծրագրում է Հայաստանում ներդնել $120 մլն, ասել է բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:Հանդես գալով Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի արդյունքներով Երեւանում հրավիրված մամլո ասուլիսին, Սումա Չակրաբարտին ասել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի վստահելի գործընկերներից է, որտեղ բանկը 1993-ից եւ առ այսօր ներդրել է ավելի քան $1 մլրդ 120 ծրագրերում: «Այլ միջազգային կառույցների հետ համեմատ մեր գործունեությունը Հայաստանում տարբերվում է նրանով, որ այստեղ մեր ներդրումների 90%-ն արվել է մասնավոր հատվածում, որոնցից ավելի քան 50%-ը` ՓՄՁ-ներում՝ կամ ուղղակի, կամ ֆինանսական միջնորդների օգնությամբ», - ասել է Սումա Չակրաբարտին:Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է շեշտադրել Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորումը ՀՀ ազգային արժույթով, ինչպես նաեւ աջակցելու է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: «Կոռուպցիան դեռեւս լուրջ խնդիր է Հայաստանում: Transparency International կազմակերպության տվյալներով, կոռուպցիայի ընկալմամբ ձեր երկիրն աշխարհում 150-րդն է», - ասել է ՎԶԵԲ նախագահը:Սումա Չակրաբարտին նշել է, որ ՎԶԵԲ-ի` Հայաստանի համար մշակված ներկայիս ռազմավարության համաձայն, բանկի առաջնահերթ նպատակները ֆինանսական ոլորտի զարգացումն ու ֆինանսավորման հասանելիության բարելավումն է, հատկապես, միկրո եւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար, մունիցիպալ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը, ագրոբիզնեսի եւ արդյունաբերական ձեռնարկությունների զարգացումը, կայուն էներգիայի եւ հանքարդյունաբերական ծրագրերի աջակցությունը:Նա տեղեկացրել է նաեւ, որ հուլիսի 19-ին ՎԶԵԲ-ը $7 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Երեւան Ջուր ընկերության հետ, որը կծախսի այն ջրամատակարարման ցանցի, հանգույցների եւ պոմպակայանների արդիականացման վրա: «Ես զարմացա, իմանալով, որ Երեւան մտնող խմելու ջրի շուրջ 80%-ը չի հաշվառվում: Այս ծրագիրը մեծապես կնպաստի ջրային կորուստների նվազեցմանը եւ կբարելավվի խմելու ջրի որակը, իսկ հետագայում թույլ կտա իջեցնել ջրի սակագինը», - նշել է Սումա Չակրաբարտին: Tweet Դիտում՝ 1844