Ամերիա խորհրդատվական ընկերությունը թողարկել է հերթական հետազոտությունը. այն նվիրված է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը եւ հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական եւ ձկնաբուծական տնտեսություններին:Ըստ հետազոտության արդյունքների`այժմ Հայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5 հա: Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի 60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկները եւ դեկորատիվ բույսերը: Հայաստանում ջերմոցներում աճեցվող բանջարեղենի հիմնական տեսակներն են լոլիկը, վարունգը, լոբին եւ պղպեղը: Ըստ Ամերիայի փորձագետների կանխատեսման`առաջիկա հինգ տարիներին ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվում է միջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր եւ միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:Խաղողի եւ պտղա-հատապտղային տնկարկների տարածքների ավելացման միտումները վկայում են Հայաստանում այգեգործության զարգացման ներուժի մասին: Պտղի եւ հատապտղի տնկարկների ընդհանուր տարածքների 2/3-ը գտնվում է չորս մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք: Արտադրանքի ամենամեծ կշիռն ապահովում են Արարատի եւ Արմավիրի մարզերը. մասնավորապես 2012-ին ամբողջ արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում այդ երկու մարզին: Ըստ հետազոտության արդյունքների` այգեգործության զարգացման հիմնական ռիսկը եւ խոչընդոտը բնակլիմայական պայմաններն են, հատկապես կարկուտները, եւ հակակարկոտային կայանների ներդրման ու ճիշտ կառավարման դեպքում առաջիկա տարիներին այգեգործությունը Հայաստանում զարգացման մեծ խոչընդոտ չի ունենա:Հետազոտության համաձայն`վերջին տասը տարիների ընթացքում ձկնաբուծության արտադրանքի ծավալի միջին տարեկան աճը կազմել է 28.5%, եւ ձկնաբուծության արտադրանքի արտահանումն այդ նույն ժամանակահատվածում ֆիզիկական ծավալով աճել է 4.7 անգամ: Ձկնաբուծական տնտեսության զարգացման հեռանկարն առաջիկա հինգ տարիներին Ամերիայի փորձագետները գնահատում են միջին եւ նշում, որ իրականում այս ենթաճյուղը բավականին մեծ պոտենցիալ ունի, իսկ իրագործելու համար անհրաժեշտ է երկու հիմնական խնդրի լուծում՝ կապված կարգավորման դաշտի հետ: Tweet Դիտում՝ 1761