Sberbank CIB համաղեկավար եւ ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը «Դելովայա սրեդա» ամսագրին պատմել է բիզնեսի իր սկզբունքների եւ սկսնակ գործարարների սխալների մասին: Նախեւառաջ, Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ անհնար է ինչ-որ բան սովորել՝ միայն լսելով կամ ընթերցելով ուրիշների սխալների մասին. այդ սխալները պետք է «անցնես» ինքնուրույն, սեփական փորձով: Եվս մեկ վտանգավոր միտում՝ բացարաձակ կերպով հետեւել «գրքային» կանոներին: «Ես շատ ջանք եմ թափել՝ գործելով դասագրքերով, փորձել եմ Հռոմի պապից էլ կաթոլիկ լինել: Մինչդեռ իրականում կյանքը պահանջում է ավելի պրագմատիկ եւ իրատես լինել»,- ասում է Ռուբեն Վարդանյանը: Սկզբունք համար մեկ. տոգորված եղեք ձեր աշխատանքով«Կարեւոր է ոչ թե պարզապես կարողանալ համոզել ինչ-որ մեկին (տվյալ դեպքում՝ հավանական ներդրողներին), որ դուք իրավացի եք, այլ հարկավոր է, որ դուք ինքներդ հավատաք նրան, ինչ անում եք: Իհարկե, որեւէ նախագծով չափազանց տարված լինելը դեռեւս հաջողության հասնելու գրավական չէ, բայց դա շատ կարեւոր գործոն է: Ստարթափերի մեծ մասը ձախողվում է, որովհետեւ մարդիկ չեն «ապրում» իրենց գաղափարով, պատրաստ չեն այդ գաղափարի համար աշխատել օրը 24 ժամ: Կհաջողվի իրագործել գաղափարը՝ լավ, չի հաջողվի՝ ոչինչ: Իմ կարծիքով, սա փակուղային ճանապարհ է: Ես պատրաստ եմ օգնել նրանց, ովքեր լավ իմաստով «հիվանդ» են իրենց նախագծով: Օրինակ, ոչ այնքան վաղ անցյալում ես ծանոթացել եմ մի երիտասարդի հետ, ով շատ դժվարությամբ հանդիպում գտավ ինձ հետ, եկավ կեսգիշերից քիչ անց (ավելի շուտ` ես ինքս չէի կարող), որպեսզի տեսնի ինձ: Նա ասաց. «Ես վարձել եմ աղբահավաք մեքենա, ցանկանում եմ զբաղվել աղբահանությամբ»: Ես նրան պատասխանեցի. «Լսի՛ր, բայց չէ՞ որ դա այնքան բարդ է…»: Անցավ մի քանի ամիս, եւ հիմա այդ երիտասարդն արդեն աշխատեցնում է 15 մեքենա եւ աղբից մաքրում է մի ամբողջ թաղամաս: Ապշում ես նման համառության, ներքին տրամադրվածության վրա՝ մարդը որոշել է, որ իրեն դա հաջողվելու է, եւ վերջ»: Սկզբունք համար երկու. պլանավորեք 20-30 տարի ընդառաջ եւ եղեք հետեւողական «Երբ պլանավորում ես 20-30 տարի ընդառաջ, ապա միանգամայն այլ կերպ ես ընկալում այս կամ այն իրավիճակը եւ կայացնում բազմաթիվ առօրյա որոշումներ: Իմ կանոններից մեկն է ՝ խաղալ երկար՝ չառաջնորդվելով արագ շահույթ ստանալու սկզբունքով: Սակայն, եթե դուք խախտում եք ձեր սեփական կանոնները եւ փորձում խաղալ օտարի խաղը, ապա դա անպայման կունենա պատասխան արդյունքը, եւ այն կլինի շատ ցավոտ:Բերեմ հետեւյալ օրինակը. 2006 թ-ին սինգապուրյան գործընկերոջ հետ մեր համատեղ հիմնադրամն ընդգրկվեց ֆակտորինգային «Եվրոկոմմերց» ընկերության կապիտալում: Այդ շրջանում այդ ընկերության շուրջ խելահեղ իրարանցում էր տիրում: Մի քանի տարվա ընթացքում «Եվրոկոմմերց» ընկերության արժեքը $90 միլիոնից հասավ $5 միլիարդի: IPO-ին պատրաստվելու ժամանակ ներդրողները հերթ էին կանգնում: Ինձ հաճախ մեղադրել են, որ ես չափազանց պահպանողական եմ բիզնեսում, եւ այդտեղ ես մտածեցի. բա՛վ է հապաղել, պետք է մի փոքր ագրեսիվ լինել, գրավել շուկան: «Եվրոկոմմերցի» հետ կապված պատմությունն ավարտվեց նրանով, որ ընկերությունը փլուզվեց՝ չկարողանալով դիմակայել ճգնաժամին, իսկ մենք կորցրինք մեծ գումարներ՝ կրելով նաեւ մեր հեղինակությանը վնաս հասցնող կորուստներ: Այդ դեպքը հերթական անգամ համոզեց ինձ, որ պետք չէ «դավաճանել» ինքդ քեզ, փոխզիջման գնալ սեփական սկզբունքների հետ եւ փորձել լինել այն մեկը, ով իրականում դու չես: Այս եւ այլ դեպքերը հանգեցրին ինձ այն եզրակացության, որ պետք է հետեւողական լինել քո ընտրած բիզնես-մոդելի շրջանակներում եւ ընդունել միայն այն ռիսկերը, որոնք համապատասխանոմ են դրան: 1993 թ-ին մեր հաճախորդներից մեկը ցանկություն հայտնեց ներդրում ունենալ MMM-ում: Մենք ուղարկեցինք նրան գրավոր եզրակացություն՝ գործարքը առնչվում է բարձր ռիսկայնության հետ, խորուրդ չենք տալիս: Երբ MMM-ը փլուզվեց, հաճախորդն առաջին եւ վերջին անգամ եկավ ինձ մոտ ավազակախմբի ուղեկցությամբ: «Դուք խաբել եք մեր ֆինանսական տնօրենին, ասել, որ «պրոդուկտը» լավն է: Նա հավատացել է եւ մեր ընկերության բոլոր միջոցները ներդրել MMM-ում»: Ի պատասխան ես փոխանցեցի նրանց մեր եզրակացությունը: Ավազակները կարդացին այն եւ, բառ անգամ չասելով, հեռացան: Սկզբունք համար երեք. ընտրեք ճիշտ գործընկերներ «Իմ բոլոր նախագծերը՝ թե առեւտրային, թե բարեգործական, կառուցվում են գործընկերության սկզբունքի հիման վրա: Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ այս մոդելը կատարյալ չէ եւ ունի իր բացասական կողմերը: Չկա ճիշտ կամ սխալ մոդել, կա ընտրություն, եւ այն պետք է գիտակցված լինի, իսկ գործողությունները՝ հետեւողական: Ճիշտ գործընկերները նրանք են, ումից կարող ես նաեւ ինչ-որ բան սովորել: Հաջողության հասած մարդկանց շրջանում շատ քիչ են նրանք, ովքեր չեն ունեցել լավ մենթորներ: Մենթորն ուսուցիչը չէ. նա տալիս է ձեզ ավելին, քան գիտելիքն է, նա օգնում է ձեւավորել աշխարհայացքը կյանքի, ինքներդ ձեր նկատմամբ: Դա ապագա հաջողության կարեւոր տարրերից է: Ես կարծում եմ, որ իմ բախտը բերել է մենթորների հարցում՝ կոլեգաներ, գործընկերներ, ովքեր մեկ անգամ չէ որ քննադատել են ինձ եւ որոնցից ես շատ բան եմ սովորել: Նրանցից մեկը Ռոն Ֆիրմանն է, ով հսկայական հեղինակություն է վայելում միջազգային բիզնես-միջավայրում: Ռոնը մինչ օրս քննադատում է ինձ՝ սա լավ արեցիր, այս մի բանը ավարտին չհասցրիր: Սակայն իմ գլխավոր մենթորներից մեկն իմ հայրն է: Նա սովորեցրել է ինձ կանգ չառնել ձեռք բերածի վրա եւ ազնիվ լինել ինքս ինձ հետ: Հայրս ասում էր՝ կան երեք չափորոշիչներ, որոնցով դու գնահատում ես քեզ՝ համեմատելով քեզ անցյալի, ուրիշների եւ քեզ՝ բացարձակի հետ: Բացարձակի նշաձողին չի կարելի հասնել, բայց դրան միշտ պետք է ձգտել: Բիզնես-գործընկերներ ընտրելիս միշտ կանգնում ես հետեւյալ հարցի առջեւ. կարո՞ղ են ընկերները միշտ լինել ճիշտ գործընկերներ եւ կարելի՞ է ընդհանրապես բիզնես վարել ընկերների հետ: Իմ կարծիքով, սա կառավարման մոդելի եւ անձնական ընտրության խնդիր է: Անձամբ ինձ համար գործն ավելի կարեւոր է, քան «մերոնքական-ձերոնքական» բնույթի հարաբերությունները: 1993 թ-ին, գործի շահերից ելնելով, ես ստիպված էի բաժանվել 12 աշխատակիցների հետ, որոնք ընկերությունում աշխատող առաջին 75 աշխատակիցներից էին: Նրանցից ոմանք ինձ շատ մտերիմ մարդիկ էին, եւ այդ որոշումն ինձ շատ դժվար տրվեց: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ պետք է պատրաստ լինես բաժանավել ցանկացած մարդու հետ, եթե բիզնես վարելու եւ այն զարգացնելու հետ կապված ձեր հայացքները եւ սկզբունքները տրամագծորեն տարբերվում են: Ընկերության պարագայում դա անհնար է, այդ պատճառով որոշեք՝ ինչն է ձեզ համար ավելի կարեւոր՝ գործը՞, թե՞ ընկերությունը: Tweet Դիտում՝ 5122