Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջերս հնչեղություն ստացած օֆշորային գործում «մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի հասարակության եւ ԶԼՄ-ների համար»:Վարչապետն այսօր ասել է, որ կառավարության մամուլի ծառայությանը հանձնարարական է տվել` ԶԼՄ-ներին տրամադրել այս հարցի հետ կապված տեղեկատվության ամբողջական փաթեթը:«Օֆշորի գոտու հետ կապված ինչպիսի հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել: Քրեական գործ է հարուցված, իրավապահ մարմինները զբաղվում են: Համոզված եմ, որեւէ անպատասխան հարց չի մնալու, եւ եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, անաչառ, ապա կկարողանան թացը չորից զանազանել»,- ասել է վարչապետը:Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ «Նաիրիտ» գործարանին վերաբերող հարցերին՝ ասելով, որ «փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ»:«Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտին», ունեն հիմք` դրանք կառավարության 2001 եւ 2006 թվականների որոշումներն են», - ասել է նա:Վարչապետը հանձնարարել է մամուլին տեղեկատվություն տրամադրել նաեւ այն մասին, թե ի՞նչ գործարքներ եւ պայմանագրեր են կնքվել «Նաիրիտի» վերաբերյալ: Tweet Դիտում՝ 4439