Հիփոթեքային վարկեր վերաֆինանսավորող Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) ներկայացրել է իր կողմից հաշվարկված` Հայաստանում բնակարանային մատչելիության եւ հիփոթեքային վարկավորման մատչելիության ինդեքսները:Բնակարանային մատչելիության ինդեքսը բնակարանի միջին գնի եւ տնային տնտեսության միջին տարեկան եկամտի հարաբերակցությունն է եւ կիրառվում է նոր բնակարանի հասանելիությունը որոշելու համար: Ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռք բերելու համար, եթե ենթադրենք, որ ողջ եկամուտը խնայվում է այդ նպատակի համար: Օրինակ, միջին աշխատավարձով երկու աշխատող ունեցող ընտանիքը, որոնցից յուրաքանչյուրը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. ապրիլ ամսվա հրապարակման համաձայն, ստանում է 142,711 դրամ միջին աշխատավարձ, ցանկանում է ձեռք բերել երկսենյականոց բնակարան Երեւանում` 70քմ մակերեսով: 2013թ. ապրիլին Երեւանում 1 քմ-ի միջին արժեքը եղել է 271,400 դրամ:Այսինքն` ցանկալի բնակարանը կարժենա 18,998,000 դրամ, իսկ բնակարանային մատչելիության ինդեքսը` 5.5: Նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն իր միջոցներն ամբողջությամբ պետք է խնայի 5.5 տարի` Երեւանում միջին արժողության բնակարան ձեռք բերելու համար: Միջազգային պրակտիկայում այս ինդեքսի նորմալ միջակայք է հանդիսանում 3-5 տարին: Հիփոթեքային վարկավորման մատչելիության ինդեքսն իրենից ներկայացնում է ընտանեկան եկամուտների` վարկային մարումներին ուղղվելիք մասի (ՀՀ բանկային համակարգում ընդունված է առավելագույնը եկամուտների 45%-ը) եւ ամսական մարումների հարաբերակցությունը: Եթե ցուցանիշը փոքր է 1-ից, նշանակում է՝ պահանջվող ամսական մարումներն ավելին են, քան ընտանեկան եկամուտների 45%-ը: Իսկ եթե ցուցանիշը գերազանցում է 1-ը, հիփոթեքային վարկը ընտանիքի համար մատչելի է: Ըստ ԱՀԸ հաշվարկների, որոնք հիմնվել են վերջինիս կողմից վերաֆինանսավորված վարկերի միջինացված պայմաններով (12% տարեկան տոկոսադրույք, 150 ամիս ժամկետ եւ 30% կանխավճար), հիփոթեքային վարկավորման մատչելիության ինդեքսը գերազանցում է 1-ը միայն մայրաքաղաքի Նուբարաշեն համայնքում՝ կազմելով 1.35, իսկ միջինում մայրաքաղաքում կազմում է 0.75: (աղբյուրը՝ ԱՀԸ) Մարզերում, որտեղ անշարժ գույքի գները համեմատաբար ցածր են, բացառությամբ Ծաղկաձոր եւ Վաղարշապատ քաղաքների, հիփոթեքային վարկը ներկայիս միջին աշխատավարձի պայմաններում համարվում է մատչելի: (աղբյուրը՝ ԱՀԸ)ԱՀԸ-ն տեղեկացրել է նաեւ, որ 2010-2012թթ. Հայաստանում ընդհանուր հիփոթեքային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է 16.5%՝ 2012թ. վերջի դրությամբ կազմելով մոտ 145 մլրդ դրամ: Ըստ ծավալի, հիփոթեքային վարկերի մոտ 74%-ը տրամադրվել է բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: ԱՀԸ-ն իր գործունեության 4 տարիների ընթացքում վերաֆինանսավորել է ավելի քան 3,600 հիփոթեքային վարկ 28.2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ընդհանուր վարկերի քանակի 37% (1,343) տրամադրվել է մարզերում, իսկ բնակարանի/բնակելի տան ձեռքբերման վարկերի մասնաբաժինը կազմել է 62.4% (2,262 հատ): Ներկայումս Ընկերությունը համագործակցում է 15 բանկի եւ 4 վարկային կազմակերպությունների հետ, իսկ Ընկերության մասնաբաժինը դրամային հիփոթեքային վարկերում կազմում է շուրջ 30%: Tweet Դիտում՝ 2847