«Աշխարհում ոչ մի խոշոր ընկերություն այնքան վատ չի կառավարվում, ինչպես ռուսական պետական գազային կորպորացիա Գազպրոմը»,- գրում է այսօր Bloomberg-ը:2008-ի մայիսին Գազպրոմն աշխարհի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններից էր ($369 մլրդ), իսկ այսօր այդ ցուցանիշն ընկել է մինչեւ $83 մլրդ, եւ անկումը շարունակվում է, նշում է ամերիկյան առաջատար լրատվամիջոցներից մեկը: Ըստ հոդվածագրի՝ Միջազգային տնտեսագիտության Պետերսոնի Ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդերս Ասլունդի, կորպորացիան գնալով կորցնում է իր բաժնետերերի վստահությունը, քանի որ «այն չափազանց իներտ է, կոռումպացված եւ մեծամիտ»:Ընկերությունն ավանդաբար անհասկանալի պատճառներով մատակարարում է գազը միեւնույն կարգավիճակն ունեցող երկրներին տարբեր գներով, օրինակ՝ Լիտվան վճարում է ռուսական գազի դիմաց 15%-ով ավելի, քան հարեւան Լատվիան: Երբ գնորդներն իրենց «անկարգ» են պահում, Գազպրոմն ուղղակի փակում է խողովակը, ինչպես վարվեց Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի մեծ մասի հետ 2006-ին եւ 2009-ին: Արդյունքում Գազպրոմը միայն կորցրեց, քանի որ այդ երկրների ցնցված կառավարությունները եւ սպառողները կրճատեցին իրենց կախվածությունը Գազպրոմից այլընտրանքային աղբյուրների միջոցով:«Գազպրոմի բիզնես-մոդելը այնքան պարզ է, որքան հին. Արեւմտյան Սիբիրում ավանդական գազի արտադրություն եւ տեղափոխում գազամուղներով դեպի Եվրոպա: Վերջին տասնամյակում ընկերությունը բաց է թողել երեք հեղափոխություն գազարտադրության ինդուստրիայում. թերթաքարային գազի (shale gas) վերելքն ԱՄՆ-ում, հեղուկ գազի արտադրության գլոբալ աճը եւ Չինաստանի ուժգնացող պահանջարկը, որտեղ Գազպրոմը դեռ չի իրականացնում արտահանում»,- գրում է Bloomberg-ը:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գազպրոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը լուրջ չեն վերաբերվում թերթաքարային գազին՝ համարելով այն բնապահպանական տեսանկյունից վտանգավոր եւ անգամ «փուչիկ, որը շուտով կպայթի», մինչդեռ վերջինս գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում Եվրոպայում, քանի որ ավելի էժան է Գազպրոմի՝ նավթի գներին կապված գազի գներից: Իսկ ինչ վերաբերում է բնապահպանությանը, ապա Գազպրոմն ինքն այրում է միլիոնավոր խմ ավելցուկային գազ, քանի որ մասնավոր արտադրողներին չի թույլատրվում օգտվել Գազպրոմի գազամուղներից:Ըստ հեղինակի, Եվրամիությունը, հավանաբար, կսկսի հակամրցակցային համարել նավթի գներին կապված գազի գները եւ միլիարդավոր եվրոների տուգանք կնշանակի Գազպրոմի նկատմամբ: Բացի այդ, ԵՄ-ն որոշել է արգելել նույն ընկերությանը զբաղվել գազի բաշխմամբ եւ տնօրինել գազատարերը: Կրեմլը դա անվանել է «բռնագրավում», սակայն ստիպված է համակերպվել ԵՄ-ում խաղի կանոններին, քանի որ մեծապես կախված է այնտեղ վաճառքներից:Գազպրոմն արագ կորցնում է իր շուկայական մասնաբաժինը Եվրոպայում: Եթե 2003-ին ԵՄ 27 պետությունները ստանում էին Ռուսաստանից բնական գազի 47%-ը, 2011-ին այդ ցուցանիշը 34% էր: Գազպրոմի մասնաբաժինը կրճատվում է նաեւ Ռուսաստանում (ավանդական 85%-ից մինչեւ 65%): Ներքին շուկայում նրա հիմնական մրցակիցներն են մասնավոր ՆովաՏեկը եւ պետական Ռոսնեֆտը:Գազպրոմի վաճառքները նախկին խորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում եւս կրճատվել են (19%-ով), եւ Գազպրոմը ներկայումս ունի շատ ավելի գազ, քան այն կարող է վաճառել: 2012-ին ընկերության վաճառքները կազմել են 482 մլրդ խմ գազ՝ 2011-ի 519 խմ-ի դիմաց, մինչդեռ մրցակիցների վաճառքներն աճել են: Հիմա արդեն ՆովաՏեկը կոչ է անում վերացնել Գազպրոմի՝ գազի արտահանման մենաշնորհը եւ նախատեսում է սկսել արտահանել թերթաքարային գազ:Մինչեւ 2009թ. Գազպրոմը շահում էր նաեւ թուրքմենական գազը էժան գնելով եւ Եվրոպային ավելի թանկ գնով վերավաճառելով, սակայն գլոբալ ճգնաժամի ժամանակ պահանջակի նվազման հետ կապված այն անսպասելիորեն փակեց թուրքմենական գազատարը: «Թուրքմենստանը մոռացավ Գազպրոմի մասին եւ արագ սկսեց սեփական գազամուղ կառուցել դեպի Չինաստան: Ունենալով մեծ պաշարներ՝ Թուրքմենստանը կարող է բավարարել Չինական պահանջարկի մեծ մասը, մինչդեռ Գազպրոմը կորցրեց եւ միջինասիական էժան գազը եւ չինական շուկա հեշտությամբ մտնելու շանսերը», - գրում է Bloomberg-ը, հավելելով, որ այս ամենի հետ մեկտեղ Գազպրոմում ծաղկում է կոռուպցիան, իսկ ընկերության ծախսերը շարունակաբար աճում են:Ռուսական Սբերբանկի վերլուծաբանների գնահատականով, Գազպրոմին գազի արտադրության համար անհրաժեշտ է տարեկան $11 մլրդ, մինչդեռ 2011-ին կորպորացիայի կապիտալ ծախսերը կազմել են $53 մլրդ, իսկ 2012-ին՝ $43,2 մլրդ:Վերլուծաբանների գնահատականներով, այս գումարների 2/3-րդը «իսկական կոռուպցիա է», իսկ մնացածը՝ անխնա գերներդրումներ:Եթե վերջին տարիներին Գազպրոմին բաժին էր հասնում Ռուսաստանի պետական եկամուտների 7-10%-ը, իսկ նավթային հատվածին՝ 40%-ը, ապա առաջիկա տարիներին այս երկու մասնաբաժինները նման մենեջմենթի պատճառով նվազելու են, ինչը, ըստ Bloomberg-ի, կարող է ստիպել Կրեմլին վերաիմաստավորել իր տնտեսական քաղաքականությունը եւ տրոհել գազային մենաշնորհը:«Լինելով չափազանց կոռումպացված՝ Գազպրոմը դառնում է սեփական կործանման պատճառը: Այն այլեւս չի կարողանա գերիշխել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում, ինչը լավ նորություն է Ռուսաստանի իրական բարեկամների համար»,- եզրափակում է Bloomberg-ը: Tweet Դիտում՝ 1761