Հուլիսի 7-ից գազը եւ էլեկտրաէներգիան Հայաստանում մատակարարվելու են նոր՝ ավելի բարձր սակագներով:Չնայած ե՛ւ վերջին շաբաթների, ե՛ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում հնչել էին առաջարկներ՝ սեզոնային եւ սպառման ծավալներից կախված՝ ավելի տարբերակված սակագներ սահմանելու վերաբերյալ, սակայն հանձնաժողովը մերժեց դրանք եւ հաստատվեցին այն սակագները, որոնք ներկայացվել էին դեռեւս մայիսի 24-ին հանձնաժողովի կողմից հրապարակված նախագծերում:Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի սակագների կարգավորման ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանն այսօր ասաց, որ խորհուրդն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում բնական գազի՝ սահմանից մինչեւ սպառողը գնի ավելացումը ավելի բարձր է, քան բազմաթիվ այլ երկրներում եւ կազմում է մոտ 80%, եւ անգամ կառավարության կողմից գազի ձեռքբերման գնի 30%-ի սուբսիդավորման արդյունքում գազի 5%-անոց թանկացումը սահմանին հանգեցնում է սպառողների համար սակագնի 18%-անոց բարձրացմանը:Նա առաջարկեց նվազեցնել ՀայՌուսԳազարդի շահույթի շեմը 10%-ից 8%՝ հաշվի առնելով վերջինիս մենաշնորհային դիրքը Հայաստանում: Նիստին ներկա Հայռուսգազարդի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ բնակիչների համար սակագնի 18%-անոց բարձրացումը հաշվի է առնում նաեւ հաշվարկում ներառված նոր դոլար/դրամ հարաբերակցությունը, որը նախկինում 386 դրամ էր, իսկ հիմա՝ 416: «Այսպիսով, դոլարային արտահայտությամբ թանկացումը բնակիչների համար կազմում է 9%», - ասել է Վարդան Հարությունյանը: Էլեկտրաէներգիայի նոր սակագներից դժգոհ են ոչ միայն սպառողները, այլ նաեւ էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները. նիստին ներկա Մեծամորի ատոմակայանի, Երեւանի ՋԷԿ-ի, Բարձրավոլտ էլեկտրացանցերի եւ Հայաստանի էլ. ցանցերի (ՀԷՑ) ղեկավարները դժգոհություն հայտնեցին առաջարկված սակագներից, ասելով, որ դրանք բավարար չեն ընկերությունների կանոնավոր օպերացիոն գործունեության եւ աշխատավարձերի բարձրացման ապահովման համար: «Առաջարկված սակագները եւ մարժան անբավարար է, մենք բազմաթիվ ակնարկներ ունենք դրանց շուրջ: Մեր ցանցը գտնվում է բավականին մաշված վիճակում, ընկերության գոյության ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 130 մլրդ դրամ եւ դա անբավարար է անհրաժեշտ որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ապահովելու համար», - ասել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հանձնաժողովը հնչած հարցերի շուրջ առանձին քննարկում կկազմակերպի ոլորտի ներկայացուցիչների հետ: Tweet Դիտում՝ 1263