Աշտարակ-Կաթը մեկնաբանել է կաթնամթերքի թանկացումը
31.05.2013 | 09:44
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.ashtarakkat.am

Վերջին շրջանում սննդամթերքի շուկայում առկա մի շարք թանկացումների հետ մեկտեղ նկատվեց նաեւ կաթնամթերքի թանկացում, որի պատճառների մասին Banks.am-ը փորձել է տեղեկանալ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ-Կաթ» ընկերությունից:
«Երկար ժամանակ մեր ընկերությանը հաջողվել է զսպել գնաճը միայն ներքին միջոցների եւ վարկերի հաշվին, ինչը հակասում է շուկայի օրենքներին: Մենք պահել ենք ապրանքատեսականու գները նույնիսկ այն բանից հետո, երբ 2011թ-ից հիմնական հումքը` մթերվող կաթը թանկացավ մոտ 35%-ով: Նույն ժամանակահատվածում կաթնամթերքը թանկացավ նաեւ միջազգային շուկայում»,- հայտնեցին ընկերությունում:
Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերն ու պարագաները ներկրվում են արտերկրից. «Օրինակ, 2011 թ-ից սկսած միջազգային շուկայում կարագի գինը բարձրացել է ավելի քան 40%-ով, ընդ որում միայն վերջին ամիսների ընթացքում` 20%-ով: Տարադրամի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման պայմաններում դա շատ թանկ է ընկերության համար. մթերքն իրացվում է տեղական արժույթով, իսկ ներկրվող ապրանքի դիմաց վճարվում է տարադրամով: Այս ամենը, իհարկե, ստիպում է, որ կաթնամթերքի տեսականին ենթարկվի գնային որոշակի փոփոխությունների»:
Կաթնամթերք արտադրող ընկերությունում մեջբերել են նաեւ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, համաձայն որի «2012 թ-ին պարենային մյուս ապրանքների համեմատ կաթնամթերքը գրեթե չի թանկացել, քանի որ գնաճը չի գերազանցել 0,6%-ը»:
Վերջին շրջանում նկատված գնային փոփոխությունը, որը ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, չի գերազանցում 2-10%-ը, տարածվում է կաթնամթերքի ողջ տեսականու վրա, քանի որ «վերը նշված պատճառները տարբեր չափով են ազդում ապրանքատեսակների գնագոյացման վրա»:
«Խոսքը հիմնական հումքի` մթերվող կաթի եւ արտերկրից ներկրվող նյութերի ու պարագաների մասին է, որոնց գնաճն անհամեմատ ավելի բարձր տոկոս է կազմում, դրանց գումարվում է նաեւ դրամի արժեզրկումը: Վերջին շրջանի համընդհանուր գնաճի պայմաններում, մյուս ապրանքների համեմատ, կաթնամթերքի գնային փոփոխությունը չնչին տոկոս է կազմում»,- ասված է ընկերության մեկնաբանության մեջ:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: