Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 5-ից շաբաթը մեկ անգամ կիրականացվեն նոր չվերթներ Թել Ավիվ-Երեւան եւ Երեւան-Թել Ավիվ ուղղություններով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին հայտարարել են այսօր չվերթները իրականացվող իսրայելական «Արկիա» ավիաընկերության ներկայացուցիչները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշել է, որ դա խթան կհանդիսանա Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, եւ Հայաստանն Իսրայելից մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու ներուժ ունի: «Արկիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքսանդր Նուրոկը (Alexander Nurock) տեղեկացրել է, որ տոմսի երկկողմանի արժեքը կլինի 310 եվրոյից սկսած: «Անցյալ տարի մենք հասկացանք, որ այս ուղղությունը արդյունավետ կլինի, եւ այս տարի սկսեցինք աշխատել չվերթներ բացելու ուղղությամբ: Գտնում ենք, որ դա կնպաստի նաեւ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների խորացմանը»,- ասել է Ալեքսանդր Նուրոկը: Նա տեղեկացրել է, որ «Արկիա» ավիաընկերությանն արդեն 5 տարի իրականացնում է չվերթներ Թել Ավիվ-Թբիլիսի-Թել Ավիվ ուղղությամբ: Ալեքսանդր Նուրոկն նաեւ նկատել է, որ այսուհետ Իսրայել մեկնող հայաստանցիների համար անհրաժեշտություն չի լինի մեկնել Թբիլիսի վիզա ստանալու համար: Անհրաժեշտ բոլոր գործընթացները հնարավոր կլինի կատարել ավիաընկերության ներկայացուցչության միջոցով:«Արկիա»-ն Իսրայելի 2-րդ խոշորագույն ավիաընկերությունն է, տարեկան այն փոխադրում է ավելի քան 1,6 մլն ուղեւոր: Հայաստանում ընկերության ներկայացուցիչը “ԳԱՊԱ” ՍՊԸ-ն է: Tweet Դիտում՝ 5033