Ս.թ. հունիսի 20-ից Պրոմեթեյ Բանկում կմեկնարկի «Պրոմեթեյ Պրոգրես» ուսանողների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը կտեւի մինչեւ ս.թ. օգոստոսի 20-ը: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Պրոմեթեյ Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Տաթեւիկ Ջանոյանը, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին՝ ծանոթանալու ՀՀ բանկային համակարգին, Պրոմեթեյ Բանկի կորպորատիվ արժեքներին ու երկարամյա պատմությանը եւ նախապատրաստվելու աշխատանքի անցնել բանկային համակարգում:«Պրոմեթեյ Պրոգրես» ծրագրին կարող են դիմել ՀՊՏՀ-ի եւ ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի 1-ին եւ 2-րդ կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները եւ Ֆինանսաբանկային Քոլեջի լավագույն շրջանավարտները: Դիմորդները բանկում կանցնեն թեստավորում՝ մաթեմատիկայի, տրամաբանության, տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառներում գիտելիքների իմացության վերաբերյալ: Արդյունքում դիմորդներից կընտրվեն 20-ը, որոնք կմասնակցեն «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագրին:Ծրագրի ընթացքում մասնակիցները կացնեն նաեւ ընթացիկ եւ ավարտական թեստավորումներ: Դրանց արդյունքներով բարձր միավորներ հավաքած մասնակիցները հնարավորություն կունենան բանկում աշխատանքի անցնել օպերատոր-գանձապահի, հաշվապահի, դիլինգի մասնագետի, պլաստիկ քարտերի մասնագետի, վարկային մասնագետի եւ այլ առկա թափուր պաշտոններում: Բոլոր մասնակիցները կստանան ծրագրի ավարտական վկայականներ: Տաթեւիկ Ջանոյանի խոսքերով, «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագիրը բխում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, որի անբաժանելի մասն է՝ երիտասարդ սերնդի կրթական, գիտական եւ մշակութային ձեռքբերումների սատարումն ու խրախուսումը:Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հունիսի 15-ը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ մասնակիցներին ներկայացվող պահանջներն ու այլ մանրամասները բերված են այստեղ: Tweet Դիտում՝ 2380