Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո $30 մլն վարկի հատկացումը Հայաստանին: Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարության աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար եւ կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա եւ ջուրը սպառողներին ժամանակին հասցնելով: Բացի այդ, ծրագիրը կօգնի որոշում կայացնողներին ու շահագրգիռ կողմերին ապահովել ոլորտի վերաբերյալ հուսալի տվյալներով ու տեղեկատվությամբ, հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակում: Հիմնական ներդրման նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձեւավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում եւ Քաղցրաշենում: Ընտրված 13 պոմպային ոռոգման համակարգերի հետ կապված կվերականգնվեն շուրջ 52 կմ երկարությամբ ջրանցքներ, որպեսզի նվազեցվեն պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները: Այս ջրանցքներին ուղղված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողություն: Սա հնարավոր կդառնա հիմնականում ջրի կորուստների նվազեցման միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 100 մետր ջրագծի համար կատարված փոփոխությունների արդյունքում վայրկյանում 1.2 լիտր ջրի խնայողոթյուն կապահովվի:Բացի էլեկտրաէներգիայի խնայողությունից, որը կկազմի 38 միլիոն կվ/ժ-ից մի փոքր ավել, ինչը կազմում է Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը, ծրագիրը նաեւ թույլ կտա ներկայումս սպասարկվող տարածքների համար բարելավել ջրի առկայությունը: Սա թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլոն ԱՄՆ դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան: Tweet Դիտում՝ 2897