«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն հաջողված բիզնես-ներդրման օրինակ է Հայաստանում, այսօր ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:Ամերիկյան սիմվոլի հայաստանյան գործունեության 17-ամյակի առթիվ ընկերության արտադրամաս կատարած այցի ընթացքում Ջոն Հեֆերնը շրջել է արտադրամասում, ծանոթացել արտադրական գործընթացին, ըմպելիքի շշալցմանն ու փաթեթավորմանը, աշխատակիցների հետ զրուցել կիրառվող տեխնոլոգիաների եւ սարքավորումների մասին: Դեսպանը եղել է նաեւ պահեստում, ծանոթացել ընկերության նորությանը` անվանական շշալցված զովացուցիչ ըմպելիքին, որը մոտ օրերս կլինի շուկայում:«Այս ընկերությունը հանդիսանում է հաջողված բիզնես-ներդրման օրինակ Հայաստանում: Շրջելով գործարանում` հասկացա, որ արտադրական հումքի մեծ ծավել եք ներկրում, ինչի համար ներդրումներ են անհրաժեշտ: Վերջերս ընկերության ղեկավարության կողմից $20 մլն ներդրում է կատարվել, ինչը վկայում է, որ այստեղ իրականացվում է համաշխարհային մակարդակի արտադրական գործընթաց»,-ասել է Ջոն Հեֆերնը: ԱՄՆ դեսպանը հաջող բիզնեսի համար կարեւոր է համարել մաքսային թափանցիկությունն ու մրցակցության առկայությունը:«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն անդրադարձել է երկրի տնտեսության զարգացման գործում ընկերության ունեցած դերակատարմանը. «Վերջին երկու տարիների ընթացքում մեր տարեկան վճարումները պետական բյուջե հասել են 2,5 մլդ ՀՀ դրամ: Հիմնադրման օրվանից սկսած շուրջ 4 անգամ ավելացրել ենք արտադրման ծավալները. այս տարվա ընթացքում այն կկազմի շուրջ 40 մլն լիտր ըմպելիք, որը պլանավորում ենք վաճառել»,-ասել է նա:Անդրադառնալով արտադրական հումքին` Գագիկ Դանիելյանը նշել է, որ պլաստիկ շշերի նախակաղապարները, խցանները եւ պիտակների մի մասը ձեռք են բերվում Հայաստանում: Իսկ Կոկա-Կոլայի գաղտնիքը հանդիսացող խտանյութը, ինչպես նաեւ շաքարավազը ներկրվում են: Tweet Դիտում՝ 2903