IFC-ն կօգնի Հայաստանին սննդի անվտանգության ապահովման հարցում

17.05.2013 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիան այսօր Երեւանում ներկայացրել է իր «Սննդի գլոբալ անվտանգության նախաձեռնություն» (GFSI) ծրագիրը, որի նպատակն է բարելավել սննդի անվտանգության գործընթացները սննդի արժեշղթայում:

Ինչպես ասել է «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թեւգաձեն, այսօր տեղի ունեցած քննարկմանը սննդամթերք արտադրող եւ վաճառող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծրագիրն աջակցում է տեղական սննդամթերք արտադրողներին միջազգային սննդամթերքի անվտանգության ստանդարտների ներդրման գործընթացում՝ օգնելով նրանց դառնալ վստահելի գործընկեր խոշոր մանրածախ առեւտրային ցանցերի համար:

«Բարելավված սննդի անվտանգությունը կօգնի նվազեցնել արժեշղթայում առաջացող ռիսկերը եւ կամրապնդի սնունդ արտադրողների եւ վաճառողների դիրքերը շուկայում: Ամենակարեւորն այն է, որ մանրածախ արժեշղթայում սննդի անվտանգության բարելավված գործելակերպից կշահեն սպառողները», - ասել է Մայա Թեւգաձեն:

Ծրագիրը ենթադրում է վերապատրաստման դասընթացներ եւ աշխատաժողովներ ոլորտի մասնակիցների համար, գնահատում եւ խորհրդատվություն ընտրված ընկերություններին, տեղական խորհրդատուների կարողությունների զարգացում: Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:

Դիտում՝ 1738

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW