ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել էր Հայաստանի նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:«Կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է եւ դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձեւով կառավարել վերոնշյալ ռիսկը», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Փոխարենը գործադիրը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը եւ պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ, ըստ կառավարության, «հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության»: Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հրանտ Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը: «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետեւ այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջեւ իրենց ֆինանսական պարտականությունների եւ պարտավորությունների կատարումից: Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որը մենք պետք է իրականացնենք», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:Մեդիամաքս-ը ապրիլյան հրապարակումներից մեկում անդրադարձել էր այս հիմնախնդրին: Tweet Դիտում՝ 1904