Մենք ենք, մեր ընդերքը…

11.04.2013 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ուզում ենք դա, թե ոչ` հանքարդյունաբերությունն առաջիկա տասնամյակներում լինելու է  Հայաստանի  տնտեսության անբաժանելի եւ կարեւոր բաղադրիչը:

Հանքարդյունաբերությունը եւ հանածոների վերամշակումը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը եւ ապահովում է մեր երկրի արտահանման ավելի քան 60%-ը: Տնտեսության դիվերսիֆիկացման հետ մեկտեղ նրա մասնաբաժինը, իհարկե, կնվազի, բայց միեւնույն է, հանքարդյունաբերությունը շարունակելու է ռազմավարական նշանակություն ունենալ Հայաստանի համար:

Վերջերս շատ են վեճերը Հայաստանում այս ոլորտի հարկման շուրջ: 2012-ի սկզբից երկրում ընդունվեց «Ընդերքի մասին» նոր օրենք, որը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ միտված է հանքարդյունաբերությունից պետբյուջե ավելի շատ եկամուտ ապահովելուն: Մոտավոր հաշվարկներով, այսօրվա դրությամբ Հայաստանը հարկում է հանքարդյունահանողի եկամտի 35%-ը, ինչը աշխարհում այս ոլորտի համար միջին ցուցանիշ է:

Տարաձայնությունները ընդերքօգտագործման հարկման շուրջ, միեւնույն է, պահպանվում են. անցած շաբաթ Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրանցված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը։ Բագրատյանի  հաշվարկներով, օֆշորների պատճառով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում $1,5 մլրդ-ի համախառն շրջանառության փոխարեն կա ընդամենը $500 մլն, իսկ $400-450 մլրդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն $75-80 մլն:

Ստորեւ բերված գծապատկերում ներկայացված է հանքարդյունաբերողին պատկանող օֆշորային ընկերության միջոցով առաջինի հարկերը նվազեցնելու տարբերակներից մեկը:


Աղբյուրը` Banks.am

Այս օրինագիծը, ինչպես եւ Բագրատյանի հեղինակած մյուս բոլոր օրինագծերը, դժվար թե հավանության արժանանա քաղաքական մեծամասնության կողմից, բայց փաստն ակնհայտ է. հանքարդյունաբերության հարկումը մշտապես բաց հարց է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:

Դիտարկենք բնական ռեսուրսներով գերհարուստ աֆրիկյան երկրները, որոնցից շատերում հանքագործությունը, ըստ էության, արդյունաբերական միակ ճյուղն է:
Ոսկու արդյունահանման մեծությամբ Աֆրիկայի երկրորդ երկիր Գանան, որտեղ, ի դեպ,  կայուն քաղաքական իրավիճակ է, անցյալ տարի հայտարարել է հանքարդյունաբերողների հարկման` 25%-ից 35% բարձրացնելու, ինչպես նաեւ գերշահույթներից 10%-անոց հարկի մասին:

Բոքսիտների խոշորագույն արտադրող, ինչպես նաեւ երկաթի հանքաքարով հարուստ Գվինեայի կառավարությանն է պատկանում այս երկրի բոլոր հանքարդյունաբերական նախագծերի 15%-անոց մասնաբաժինը, ինչպես նաեւ եւս 20%-ը ձեռքբերելու օպցիոնը: Նամիբիան, ընդհանրապես, որոշել է պետական ընկերությանը փոխանցել երկրում հանքարդյունաբերությամբ եւ հետազոտմամբ զբաղվելու մենաշնորհը, իսկ Զիմբաբվեն պարտադրել է օտարերկրյա բոլոր ընկերություններին փոխանցել իրենց բաժնետոմսերի 51%-ը տեղացիներին:

Բայց միեւնույն է, հումքի բարձր գները չեն թողնում ներդրողներին ձեռք քաշել Աֆրիկայի ընդերքից. Ernst & Young-ի հաշվարկներով, 2011-ին աշխարհում հանքարդյունաբերական 10 խոշորագույն գործարքներից 7-ը վերաբերում են Աֆրիկային, գրում է Economist-ը:

Եվ դա զարմանալի չէ, քանի որ ընդերքօգտագործման հարկման ոլորտում «տատանումները» բնորոշ են միայն ոչ զարգացող երկրներին, այլ նաեւ զարգացած շուկայական տնտեսություններին. այսպես` Ավստրալիան վերջերս բազմաթիվ հակասություններ առաջացրած օրենք է ընդունել, որը թույլ կտա այդ երկրին տարեկան $8 մլրդ-ով ավելացնել հանքերից իր բյուջետային եկամուտները, իսկ Միացյալ Թագավորությունը մեծացրել է Հյուսիսային ծովում աշխատող նավթային ընկերությունների հարկային բեռը:

Այնպես որ Հայաստանը, անգամ առանց օֆշորների, ավելի քան հրապուրիչ ուղղություն է հանքարդյունաբերողների համար ու պետք է ուշադիր լինել, որպեսզի մեր բնական հարստությունը առաջին հերթին հարստացնի մեզ:

Ռուբեն Հարությունյան

Դիտում՝ 2336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW