Ոսկու համաշխարհային նոր տենդի պատճառները

19.05.2024 | 23:24 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

Հարոլդ Ջեյմս

Ոսկին վերադարձել է միջազգային արժութային համակարգ: Ավելի քան 50 տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը «փակեց ոսկու պատուհանը» (վերջ տվեց դոլարի ֆիքսված փոխարժեքով փոխարկելիությանը ոսկու), և աշխարհը հրաժարվեց թանկարժեք մետաղների մոլուցքից: Սկսվեց ֆիատային (վստահության վրա հիմնված) արժույթի նոր դարաշրջանը: Բայց այժմ ֆիատային փողերին մարտահրավեր են նետում հարկաբյուջետային խնդիրներն ու նոր տեխնոլոգիաները (բլոկչեյններ/բաշխված գրանցամատյաններ), և ոսկու գինը հասել է ամենաբարձր ցուցանիշին՝ մեկ ունցիայի դիմաց 2400 դոլարից ավել:



Ոսկեմոլները, իհարկե, պնդում են, որ մետաղը մնում է իդեալական ներդրում արժեքի երկարաժամկետ պահպանման համար: Բայց սխալ է մտածել, որ ոսկին եզակիորեն կայուն է: Ընդհակառակը, ոսկու գնային դինամիկան արտացոլում է տենդագին կոնֆլիկտային կորը. կտրուկ աճը ցույց է տալիս, որ մարդիկ ապահովություն են փնտրում այն ժամանակ, երբ այլ արժեքները վտանգված են: Ոսկու գինն իջավ 1990-ականներին, երբ Սառը պատերազմի ավարտը (և «պատմության ավարտը») խաղաղության և կայունության նոր զգացում ներշնչեցին: Հազարամյակի սկզբին ոսկու գինը ունցիայի դիմաց 300 դոլարից ցածր էր, 1970-ականներից ի վեր ոսկու դնի աճը ցածր էր գնաճի ընդհանուր մակարդակից: Բայց գինը կտրուկ աճեց 2008-ի ֆինանսական ճգնաժամից և Քովիդ-19-ի համաճարակի բռնկումից հետ, և այդպես տեղի ունեցավ նաև այս տարի:

Ոսկու աճող պահանջարկի համար մեծ մասամբ պատասխանատու են կենտրոնական բանկերը: Չինաստանը, որը 2000-ն ուներ ոսկու համեմատաբար փոքր պաշար՝ 395 տոննա, այժմ ունի 2260 տոննա: Հատկանշական է, որ Չինաստանը զգալիորեն ավելացրեց ոսկու իր պաշարները 2009-ին և 2015-ին՝ այն շրջադարձային տարիներին, երբ աշխարհը սկսեց թերահավատորեն վերաբերվել գլոբալացմանը: Ռուսաստանը և Թուրքիան նույնպես 2015-ից հետո սկսեցին հսկայական «պատերազմական սնդուկներ» դիզել, և նույն միտումը վերջերս ակնհայտ է նաև Եվրամիությունում, որտեղ Չեխիան ու Լեհաստանը մեծացնում են ոսկու իրենց պաշարները:

Ոսկու նոր քաղաքականության հիմքում ընկած են անվտանգության մասին մտահոգությունները: Երբ 1999-ի մարտին Չեխիան միացավ ՆԱՏՕ-ին, այն անմիջապես վաճառեց իր ոսկու գրեթե ողջ պաշարը: Ուղերձը միանգամայն հստակ էր. անվտանգության հուսալի երաշխիքի պայմաններում դրամական պաշտպանության անհրաժեշտություն չկա: Բայց 2023-ի վերջին եռամսյակում Չեխիայի ազգային բանկը գնեց 19 տոննա ոսկի և ազդարարեց, որ այդ թիվը հասցնելու է 100 տոննայի: Ուղերձն այս անգամ էլ է պարզ. ՆԱՏՕ-ին անդամակցելը բավարար չէ: Ռուսաստանին ֆիզիկապես ավելի մոտ լինելով՝ Լեհաստանը նույնպես հստակ նշել է իր գործողությունների պատճառը և նույնսիկ կենտրոնական բանկի շենքին հսկա պաստառ փակցրել՝ ազդարարելով, որ ունի 360 տոննա ոսկի:

Լեհաստանում ոսկին պատմականորեն կապված է անվտանգության հետ, քանի որ այն հիմնարար դեր է խաղացել պետականության գաղափարում: Երբ Լեհաստանը վերականգնվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ կործանվեցին ավստրիական, գերմանական և ռուսական կայսրությունները, նոր արժույթն անվանեցին լեհական «ոսկի» բառով (złoty): Այնուհետև՝ 1939-ի սեպտեմբերին, Լեհաստանը բարդ գործողության արդյունքում իր ոսկին տարհանեց Ֆրանսիա՝ Ռումինիայի, Թուրքիայի և Լիբանանի միջով: Ուղերձն այն էր, որ Լեհաստանը դեռ գոյություն ունի՝ չնայած գերմանական ներխուժմանը:

Ոսկին որպես կայունության աղբյուր օգտագործելու ամենաուշագրավ փորձը ԽՍՀՄ-ում էր՝ 1922 թվականին: Բոլշևիկների ամենահայտնի առաջնորդ, գաղտնի ոստիկանության պետ, ազգությամբ լեհ Ֆելիքս Ձերժինսկու նախաձեռնությամբ պետությունը «չերվոնեցներ» («կարմիր ոսկի» մետաղադրամներ) թողարկեց՝ գնաճը զսպելու համար:



Երբ 1870-ականների սկզբին ոսկու ստանդարտը ի հայտ եկավ որպես դրամավարկային կարգի հիմք, այն սկիզբ դրեց նոր միջազգային քաղաքական համակարգին: Կործանարար քաղաքացիական պատերազմներից հետո երկրները մեկը մյուսի հետևից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Իտալիան, ցանկացան կայունացնել իրենց արժույթը: Նախկին դրամական ստանդարտը՝ արծաթը, նահանջեց՝ ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո: Ֆրանսիացիները նախկինում օգտագործում էին ոսկու և արծաթի միասնական համակարգը, սակայն ստիպված եղան մեծ փոխհատուցում վճարել արծաթե մետաղադրամներով: Արծաթը հեղեղեց շուկան, և դրա գինն ընկավ: Մնաց միայն ոսկին:

1870-ականներին արծաթի զուգահեռ արժութային համակարգից հրաժարվելը կարող է նախադեպ լինել 2024-ի համար: Ի վերջո, բուռն քննարկումներ են գնում դոլարի մոտալուտ «գահընկեցման» մասին, ինչը կլինի արծաթի ապամոնետիզացման ժամանակակից համարժեքը: 2020-ից ԱՄՆ կառավարությունը մեծ հարկաբյուջետային դեֆիցիտ է կուտակում, և այժմ պետք է հաշվի առնել այն ռիսկը, որ Թրամփի նոր վարչակազմը կփորձի արժեզրկել դոլարը, որպեսզի ոչնչացնի օտարերկրյա մրցակիցներին և ստեղծի ավելի շատ ամերիկյան աշխատատեղեր: Մտահոգիչ են նաև ֆինանսական համակարգի կայունությունը և ԱՄՆ մրցակիցների կողմից դոլարը փոխարինելու ջանքերը:



Այսպիսով, ոսկե կայունության որոնումը պատասխան է փոփոխվող աշխարհին: Այն արտացոլում է այն աճող համոզմունքը, որ ի հայտ է գալիս նոր քաղաքական կարգ: Շանհայում տեղակայված Նոր զարգացման բանկը (կամ «BRICS բանկը») ակտիվորեն փնտրում է դոլարին փոխարինող սինթետիկ արժույթ, և գնալով ավելի շատ երկրներ են փորձում միանալ BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, գումարած Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ): Այսօր նրանք դոլարը համարում են տասնիններորդ դարավերջի արծաթի համարժեք, այն է՝ հնացած դրամական հեգեմոն:

Մեկ դար առաջ, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհը վերադառնում էր ոսկու ստանդարտին, Ջոն Մեյնարդ Քեյնսն այս մետաղը նկարագրեց որպես «բարբարոսական մասունք», քանի որ այն հակամարտության արժույթ էր: Երբ վերադառնա քաղաքական կայունությունը, ոսկու գինը կիջնի: Մինչ այդ, կառավարություններն ու կենտրոնական բանկերը, որոնք ներդրումներ են կատարել ոսկու մեջ, իրենց համար ապահովագրություն են գնում այս անապահով աշխարհում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW