ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Արիան ԱՄՅու տառատեսակների ստեղծումը, ինչի շնորհիվ ամբողջացվել է հայկական համակարգչային տառատեսակների փաթեթը: Արիան ԱՄՅու տառատեսակը արդեն ներբեռնվել է աշխարհի շուրջ 40 երկրներից: Համացանցի համար միջազգային չափանիշներ մշակող նշանավոր W3Consortium ընկերությունը հայերենի համար առաջարկում է օգտագործել Արիան ԱՄՅու տառատեսակը: Որպես համացանցային դիտման ստանդարտ տառատեսակ` Արիան ԱՄՅու-ն ներառված է նաև ՀՀ նախագահի, կառավարության, նախարարությունների, Կենտրոնական բանկի կայքերի ոճաթերթերում, այլ պետական եւ ոչ պետական կայքերում։Տառաստեղծների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Թառումյանի կողմից ներկայացված Արիան ԱՄՅու տառատեսակների նորացված ընտանիքը ստեղծված է ավանդական տպագրության եւ տեսատիպ դյուրակիր սարքերի համար` բազմալեզու գրվածքներ կազմելիս բարձրորակ աշխատանք ապահովելու նպատակով: Արիան ԱՄՅու ընտանիքը համալրվել է ոճային եւս երկու լրակազմով` շղագիր եւ միալայնք, ինչի շնորհիվ Արիան ԱՄՅու-ն այսօր կարող է համարվել հայկական տառատեսակների ամենախոշոր ընտանիքը:Արիան ԱՄՅու-ն հայերենից բացի, հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եվրոպական լեզուներով` լատինատառ, հունատառ եւ կիրիլատառ, ինչպես նաեւ` վրացերեն, եբրայերեն: Արիան ԱՄՅու տառատեսակների նորացված ընտանիքը տարածվում է լիովին ազատ եւ անվճար եւ հասանելի է այս հղումով` http://arian.tarumian.am/: Արիան ԱՄՅու տառատեսակը բացեց նոր հեռանկարներ` նպաստելով նոր պատվերների ստացմանը: Մասնավորապես, այսօր արդեն Microsoft-ի կողմից Windows 8-ի հետ տարածվում է VERDANA տառատեսակը, որի հայերեն մասը ստեղծել է Ռուբեն Թառումյանը և Microsoft-ի պատվերով պատրաստվում է նաեւ Times New Roman-ի հայկական մասը:ԱՌԳԱ հիմնադրամը ստեղծվել է «Քուինթա Քեփիթլ Փարթնըրզ Բի Վի» ընկերության (Quinta Capital Partners B.V.) բաժնետերերի (Ռուբեն Վարդանյան` Սբերբանկ կորպորատիվ-ներդրումային բանկի համաղեկավար; Գոռ Նահապետյան` Սբերբանկ կորպորատիվ-ներդրումային բանկի փոխնախագահ; Անուշավան Արզումանյան` «Քուինթա Քեփիթլ Փարթնըրզ Բի Վի» ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար) կողմից: Յուրաքանչյուր տարի «Քուինթա Քեփիթլ Փարթնըրզ Բի Վի» ընկերության շահույթի մի մասն ուղղվում է ԱՌԳԱ հիմնադրամի նախագծերի ֆինանսավորմանը: Հիմնադրամի գործունեության նպատակն է Հայաստանի զարգացմանն ու աշխարհի հայերին աջակցելը: Նախապատվությունը տրվում է այն նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մշակութային մակարդակի որակական բարձրացմանը: Գործունեության չորս տարիների ընթացքում ARGA հիմնադրամը ֆինանսավորել է 68 նախագիծ` ներդնելով ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար: ԱՌԳԱ հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, հրատարակվել են արտասահմանյան հեղինակների գրքեր Հայոց Ցեղասպանության մասին, գրքեր Հայաստանի մշակութային ժառանգության մասին (Հայկական Այբուբենը, Գրիգոր Տաթեւացու մանրանկարների հավաքածուն), իրականացվել են Սասունցի Դավթի արձանի վերականգնողական աշխատանքները, կրթաթոշակ է հատկացվել աշխարհի լավագույն համալսարաններում սովորող 30 ուսանողներին: Tweet Դիտում՝ 1475