ՀՀ ԿԲ կողմից հաշվարկվող Գործարար ակտիվության ցուցանիշը (ԳԱՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 59.8, ինչը 0.8 տոկոսային կետով ցածր է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (60.6): Ինչպես հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, ցուցանիշի նվազումը վկայում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման մասին: Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 62.6, որը նախորդ եռամսյակի (56.9) համեմատ ավելացել է 5.7 տոկոսային կետով, ինչը վկայում է արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության աճի տեմպի արագացման մասին: Շինարարության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 57.6, որը նախորդ եռամսյակի (58.0) համեմատ նվազել է 0.4 տոկոսային կետով: Մյուս ոլորտներում, չնայած ակտիվության նկատմամբ լավատեսական տրամադրությունների առկայությանը, արձանագրվել են ակտիվության նվազման միտումներ:ԿԲ-ի կողմից կառուցվող մեկ այլ՝ Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 55.4, ինչը վկայում է գործարարների կողմից գործարար միջավայրի վերաբերյալ լավատեսական տրամադրվածության մասին: ԳՄՑ-ն 5.7 տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (49.7)՝ պայմանավորված բոլոր ոլորտների լավատեսական գնահատականներով: Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների ոլորտում (63.3), որը 9.9 տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակի ցուցանիշից (53.4): ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկվող Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 44.0՝ նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջելով 1.6 տոկոսային կետով: Աճ է գրանցվել ապագա սպասումների ցուցանիշի գծով. նախորդ եռամսյակի նկատմամբ ցուցանիշն աճել է 1 տոկոսային կետով եւ կազմել 52.6: Tweet Դիտում՝ 1292