Երեւանի կոնյակի գործարանը (ապրանքանիշը՝ ԱրԱրԱտ) առաջին անգամ Հայաստանում սկսում է կնքել խաղողագործների հետ երկարաժամկետ պայմանագրեր, այսօր հայտարարել է գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը:2013-ին գործարանը կնքելու է 413 պայմանագիր 7 տարի ժամկետով, որի ընթացքում պարտավորվում է ձեռքբերել գործընկեր տնտեսությունների արտադրած ողջ խաղողը առնվազն 130 դրամ/կգ գնով: Առաջին նման պայմանագիրը կնքվեց այսօր Երեւանում խաղողագործ Գնունի Անտոնյանի հետ, որն արդեն 10 տարի համագործակցում է ԵԿԳ-ի հետ: Մնացած 412 պայմանագրերը ստորագրվելու են մոտակա 2 շաբաթների ընթացքում, իսկ հաջորդ տարվանից, Արա Գրիգորյանի խոսքերով, պայմանագրերը նախատեսվում է կնքել արդեն 9 տարով:«Այսօր մեզ մոտ խաղողի այգիների մեկ հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 8 տոննա, և դա այն դեպքում, երբ նույն գյուղում գտնվող մեկ այլ ավելի լավ այգի կարող է ունենալ մինչեւ 30 տոննա/հեկտար բերքատվություն: Մենք պետք է օգնենք խաղողագործներին վերազինել իրենց այգիները և բարձրացնել բերքատվությունը, իսկ դրա համար նրանց երաշխիք է պետք, որ իրենց խաղողը կիրացվի», - ասել է Արա Գրիգորյանը, հավելելով, որ մոտակա 5 տարիների ընթացքում գործարանը կնքելու է շուրջ 2500 նման պայմանագիր:ԵԿԳ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գործարանի այս քայլը մեծ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում խաղողագործության զարգացման վրա, «քանի որ որոշ ժամանակ անց մյուս գործարաններն էլ կհետեւեն մեր օրինակին»:Նա տեղեկացրել է նաեւ, որ գործարանն ինքն է նախատեսում սեփական խաղողի այգիներ հիմնել՝ անելով առաջին ներդրումը, որոնք հետագայում նվիրաբերվելու են գյուղացիներին:Ըստ նախատեսվածի, երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով այս տարի ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղին խաղող կմատակարարի 120, իսկ Այգավանի և Բերդի մասնաճյուղերին՝ համապատասխանաբար 94 և 199 խաղողագործ, ինչը կկազմի ընկերության տարեկան մթերումների 1/3-ը (8500 տոննա): Մթերման ընդհանուր ծավալն այս տարի գործարանում լինելու է ռեկորդային եւ կազմելու է 35 հազ. տոննա:Երկարամյա պայմանագրեր կնքել ցանկացող ֆերմերներից գործարանը առաջին փուլում նախապատվություն է տալիս այն խաղողագործներին, որոնք իր հետ համագործակցության ընթացքում առավել պատշաճ են կատարել իրենց պարտավորությունները: Tweet Դիտում՝ 4838