Եվրոպան վերացնում է իր «բանկային օֆշորները»

08.04.2013 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կիպրոսյան պարտքային ճգնաժամը, որի գլխավոր պատճառներից էր այդ երկրի բանկային համակարգի՝ իրական տնտեսության համեմատ անհամաչափ մեծ լինելը, ստիպում է մտահոգվել իրենց ապագայով նաեւ եվրոպական մյուս «բանկային օֆշորներին»:  

Այսպես՝ Լյուքսեմբուրգը, որը հայտնի է իր «գերգաղտնի» բանկային համակարգով, պաշտոնապես հայտարարել է, որ այսուհետ ապահովելու է իր բանկային հատվածի առավել մեծ թափանցիկություն՝ հարկերից խուսափելու դեմ պայքարի նպատակով:

Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Լյուք Ֆրիդենը գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը սկսում է ավելի սերտ համագործակցել այլ երկրների հարկային մարմինների հետ:

«Միջազգային միտումները բերում են բանկային ավանդների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման, և մենք այլեւս չենք հակադրվի դրան», - ասել է Լյուք Ֆրիդենը:

Անցյալ շաբաթ Գերմանիան հարկերից խուսափելու դեմ պայքարի մասին համաձայնագիր է ստորագրել է բանկային տեղեկատվության գաղտնիությամբ հայտնի մեկ այլ ֆինանսական կենտրոն Շվեյցարիայի հետ, ինչը թույլ կտա Գերմանիային ստանալ շվեյցարական բանկերում իրենց փողերը թաքցնող գերմանացի ավանդատուների չվճարած հարկերը:

0,5 մլն բնակչությամբ Լյուքսեմբուրգի ֆինանսական հատվածի ակտիվները 20 անգամ գերազանցում են այդ երկրի ՀՆԱ-ն: Չնայած ֆինանսական ծառայություններից զգալի կախվածության, այդ երկիրը հրաժարվում է բանկային այն հաճախորդներից, որոնք եկել են այնտեղ իրենց երկրներում հարկերից խուսափելու համար:

«Մենք ուզում ենք, որ մեր բանկերի հաճախորդները հրապուրվեն ոչ թե մեր բանկային ծառայությունների գաղտնիությամբ, այլ որակով», - ասում է ֆինանսների նախարարը:

Ինչպես Լյուքսեմբուրգը, այնպես էլ Շվեյցարիան ընդգրկված են Հայաստանի ֆինանսների նախարարության օֆշորային գոտիների ցանկում:

Նշենք, որ անցյալ տարի Հայաստանում ավանդաբար խոշորագույն ներդրողներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներդրումների կրճատման ֆոնին աճել են ներդրումները Շվեյցարիայից, որոնք ենթադրաբար, հայ գործարարների օֆշորային միջոցներն են:

Դիտում՝ 1581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW