Այս տարվա սկզբին Banks.am-ը անդրադարձել էր ՍԹԱՐ առեւտրային ցանցի՝ մատակարարների նկատմամբ ունեցած ժամկետանց պարտավորությունների խնդրին եւ դրա լուծման հնարավոր եղանակներին: Մասնավորապես, ՍԹԱՐ-ի գործադիր Տեոդորա Տիչերիչը մեր կայքին ասել էր, որ աշխատանքներ են տարվում նախկինում կուտակված պարտավորությունների կարգավորման ուղղությամբ, «միեւնույն ժամանակ, կոմերցիոն բաժինը վերաբանակցություններ է վարում կոմերցիոն հարցերի շուրջ»:Երկու ամիս անց կրկին դիմեցինք ՍԹԱՐ-ի գործադիր Տեոդորա Տիչերիչին՝ խնդրելով ներկայացնել տարվող աշխատանքների նախնական արդյունքները եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Մատակարարների հետ բանակցային գործընթացն ընթացքի մեջ է եւ ենթարկվում է ընթացիկ փոփոխությունների ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից կախված: Ամեն դեպքում, մեր եւ մեր մատակարարների կողմից կա խնդրի հստակ գիտակցում եւ այդ խնդրի լուծումը տալու պատրաստակամություն: Այս պահի դրությամբ մենք անցել ենք մեր մատակարարների հետ բանակցային գործընթացի կես ճանապարհը:Վերջին շրջանում մենք մի քանի խանութ ենք փակել, որոնց եկամտաբերությունը, ինչպես բազմիցս նշել ենք, չէր արդարացնում տարածքի վարձակալությունը, կամ դրանք գտնվում էին ոչ հարմար տարածքում (երբեմն՝ երկուսը միասին): Խանութների փակումը ինքնանպատակ չէր, այլ պայմանավորված էր ոչ շահավետ բիզնեսից ձերբազատվելու ցանկությամբ: Նոր խանութներ փակելու հարցն այս պահի դրությամբ օրակարգային քննարկման խնդիր չէ: Ինչ վերաբերվում է խանութների վերաբացմանը, նշենք, որ մենք նպատակ ունենք հետագայում նույն վարչական տարածքում այլ խանութներ բացել, որոնք կհամապատասխանեն մեր բիզնես չափանիշներին»: Tweet Դիտում՝ 9286