Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում էական եւ համակարգային թերացումներ չեն արձանագրվել, կոմիտեն բարելավել է իր գործունեությունը, ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «Մարդու իրավունքների վիճակը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ոլորտում 2012» զեկույցում: Ըստ զեկույցի, կոմիտեի կողմից ներդրվել է գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման դիմումների եւ փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչը էապես բարելավել է անշարժ գույքի պետական գրանցման վարչարարությունը, մասնավորապես՝ վերացվել է ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային մարմիններ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտությունը, որի փոխարեն անձանց համար նախատեսվել է հնարավորություն անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնել կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակ: 2012 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում վերացվել է Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը եւ Կադաստրի կողմից ներմուծվել է գործարքների կնքման եւ ստորագրությունների իսկութան ճանաչման անվճար նոր համակարգ: Նվազել է պետական գրանցման համար եւ/կամ տեղեկատվություն ստանալու համար Կադաստրի պետական կոմիտեին հասցեագրված դիմումների մերժումների քանակը: Այսպես, 2008 թվականին դիմումների մերժումների քանակը կազմել է՝ 35-40%, 2009-ին՝ 25-30%, 2010-ին՝ 10%, 2011-ին՝ 7.9%, իսկ 2012-ին այն կազմել է արդեն՝ 5.5%: Զեկույցում նշվում է, որ այդուհանդերձ, 2012-ին ստացվել են առանձին դիմում-բողոքներ, որոնք վերաբերել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում առկա բացին, ինչի հետեւանքով քաղաքացիների համար անհարկի դժվարություններ են ստեղծվում պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու գործընթացում: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ անձն անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնելիս ստիպված է եղել դիմել դատարան, որպեսզի կարողանա չեղարկել պայմանագրի մյուս կողմի` պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը, ինչը շարունակում է անհարկի բարդություններ առաջացնել անձանց համար: Tweet Դիտում՝ 1374