Այս տարվա հունվարի 10-ից ուժի մեջ է մտել «ԵՄ անդամ պետությունների եւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Եվրոպայի ավելի քան 30 երկրների քաղաքացիներն այսուհետ կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի` առավելագույնը 90 օր ժամկետով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահ է, որ այս որոշումը Հայաստան –ԵՄ քաղաքական հարաբերությունների խորացմանը զուգահեռ ունի նաեւ հստակ տնտեսական ուղղվածություն, որի արդյունքները Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կզգա գալիք տարիներին: ԵՄ երկրների զբոսաշրջիկները՝ նպատակային թիրախ Մեխակ Ապրեսյանի խոսքերով, ԵՄ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը էական նպաստ կբերի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:«ԵՄ երկրները մեզ համար կարեւոր զբոսաշրջային շուկա եւ նպատակային թիրախ են: Կառավարության որոշումը բավականին պարզեցնում եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Այսուհետ եվրոպացի զբոսաշրջիկները ոչ միայն ազատվում են արտոնագրի համար պահանջվող պետական տուրքի վճարումից, այլեւ զերծ են մնում փաստաթղթեր հավաքելու, դրանք ներկայացնելու հետ կապված գործընթացներից: Սրանով հեշտացվում է նաեւ մեր սահմանային անցակետերի աշխատանքը: Եվրոպացիներն այժմ միայն անձնագրային ստուգում են անցնելու Հայաստան մուտք գործելու համար»,- նշել է Մեխակ Ապրեսյանը: Մուտքի արտոնագրի ռեժիմի վերացմամբ Հայաստանը փաստացի հրաժարվում է պետական տուրքի բյուջետային եկամտից: Սակայն, Մեխակ Ապրեսյանի համոզմամբ, ապագայում եվրոպացի զբոսաշրջիկների այցելություններից ստացվող եկամուտն ավելի շոշափելի կլինի , քան վիզայի վճարից պետբյուջե մուտք գործող գումարը: Եվրոպական ո՞ր երկրներից են առավել շատ այցելում Հայաստան Եվրոպայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է: Ըստ հյուրանոցային տնտեսությունից ստացված հաշվետվությունների, 2010թ. հունվար – դեկտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 31.3%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին: ՀՀ զբոսաշրջության բնագավառի 2011թ. վերլուծության համաձայն, եվրոպական երկրներից Հայաստանի համար ամենամեծ ներուժն ունեն Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Չեխիան, Միացյալ Թագավորությունը, Ավստրիան: Մեխակ Ապրեսյանը նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սկանդինավյան երկրների զբոսաշրջիկները:Ի՞նչն է գրավում եվրոպացիներին Որպես կանոն, եվրոպացիները Հայաստան են այցելում ճանաչողական այցերով: Նրանց գրավում է Հայաստանի մշակույթը, պատմությունը, ավանդույթները: Այս մարդկանց դասում են «ինտելեկտուալ զբոսաշրջիկ» խմբին: Այս խմբի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան՝ նախապես պատկերացումներ ունենալով մեր երկրի մասին: «Քիչ չեն Հայաստան այցելող արկածային տուրիզմի սիրահարները: Վերջին շրջանում զբոսաշրջիկների այցերն ակտիվացել են նաեւ գինու եւ խորովածի ամենամյա փառատոնների ժամանակ»,- նկատել է Ապրեսյանը: Գերատեսչության ղեկավարի կարծիքով, վիզայի ռեժիմի պահանջից ազատումը կարեւոր գործիք է նաեւ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունք ձեւավորելու տեսանկյունից: «Ակնհայտ է, որ եվրոպացի զբոսաշրջիկները նախընտրում են մեկ այցով ժամանել տարածաշրջան՝ Թուրքիա, հետո Վրաստան ու այնուհետեւ Հայաստան: Այսօրվա պայմաններում մրցունակ լինելու համար կարեւոր է, որ տարածաշրջանի երկրները միավորվեն եւ ձեւավորեն տուրիստական փաթեթներ»,- ասել է Ապրեսյանը: Խոսելով հյուրանոցների գների մասին՝ զբոսաշրջության վարչության պետը նկատել է, որ դրանք համապատասխանում են առաջարկվող ծառայությունների որակին: Բացի այդ, Ապրեսյանի հավաստմամբ, նոր կառուցվող հյուրանոցները թույլ կտան ապահովել որակի եւ գների բազմազանություն: Պատրաստեց Եկատերինա Պողոսյանը: Tweet Դիտում՝ 2713