Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Մարդու իրավունքների վիճակը Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում 2012» զեկույցում:«Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, եւ իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միեւնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ», - ասվում է զեկույցում:Ըստ փաստաթղթի, ՊԵԿ-ի կողմից հստակ եւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ, 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների եւ/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը, ինչպես նաեւ չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետեւանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: ՊԵԿ-ի գործունեության թերացումներից Պաշտպանի գրասենյակը, մասնավորապես, արձանագրել է հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ եւ հարկային եւ մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի եւ վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր: Tweet Դիտում՝ 1743