Օսկարի կուլիսներում. Հոլիվուդը ծանր ժամանակներ է ապրում

25.02.2013 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեկ ԱՄՆ-ում անցկացված Օսկարի մրցանակաբաշխությանը 2012թ. լավագույն ֆիլմ հռչակված «Առգո»-ում Հոլիվուդն օգնում է փրկել Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ կանադական դեսպանատանը ապաստանած ամերիկացիներին, մինչդեռ ռեալ կյանքում Հոլիվուդն ինքն ունի փրկության կարիք, գրում Economist-ը:

Կինոինդուստրիայի էկոնոմիկան փոխվում է. եկամուտները նոր ֆիլմերից կտրուկ նվազում են, չնայած  Հոլիվուդը փորձում է ավելի ու ավելի տպավորիչ ֆիլմեր նկարահանել եւ վաճառել արագ աճող շուկաներում:

2007-ից 2011-ն ընկած ժամանակահատվածում խոշոր մեդիակոնգլոմերատների (Disney, Universal, Paramount, Twentieth Century Fox and Warner Bros) կողմից վերահսկվող 5 ստուդիաների շահույթը նվազել է 40%-ով, ասում է Morgan Stanley-ի ներկայացուցիչ Բենջամին Սվինբուրնը, կարծիք հայտնելով, որ կինոստուդիաներն այսօր ապահովում են մայրական ընկերությունների եկամուտների ընդամենը 10%-ը, իսկ 2020-ին այդ ցուցանիշը կընկնի մինչեւ 5%:

Պատճառն այն է, որ խոշոր կինոստուդիաներն աճի տեմպով զիջում են հեռուստատեսությանը, որն աննախադեպ առաջընթաց է գրանցում. 2012-ին Time Warner-ի հեռուստատեսային ցանցի եկամուտներն աճել են 84%-ով եւ կազմել $14,2 մլրդ:

Կինոինդուստրիան եւ հեռուստատեսությունը բավականին տարբեր բիզնեսներ են: Հեռուստատեսությունը ներկայումս բավականին կայուն եւ գրավիչ ոլորտ է: Հեռուստատեսային ցանցերը եկամուտներ են ստանում գովազդներից եւ ծրագրերի հեռարձակման համար մալուխային ցանցերի կողմից կատարվող վճարներից, որոնք ԱՄՆ-ում կազմում են տարեկան $32 մլրդ եւ աճում են միջինը 7%-ով:

Կինոֆիլմերի բերած եկամուտը, հակառակը, անկայուն է. 2011-ին ամերիկյան կինոթատրոնները վաճառել են 1,28 մլրդ տոմս, ինչը 1995 թ-ից ամենացածր ցուցանիշն է: Անցյալ տարի տոմսերի վաճառքներն աճել են մինչեւ 1,38 մլրդ՝ հասցնելով ոլորտի եկամուտները $10,8 մլրդ-ի, սակայն, ըստ փորձագետների, ոլորտն այլեւս ներդրումների համար հեռանկարային չէ, քանի որ հիմա մարդիկ ունեն բազմաթիվ այլընտրանքներ կինոթատրոններին: Առնվազն ամիսը մեկ կինոթատրոն հաճախող ամերիկացիների մասնաբաժինը 2011-ին կազմել է 10%՝ 2000-ի 30%-ի դիմաց: Վերլուծաբանները կանխատեսում են, որ կինոթատրոնների եկամուտները տեսանելի ապագայում չեն աճելու:

Մինչ օրս հոլիվուդյան ֆիլմերի հաղթարշավն ամբողջ աշխարհում մեծապես պայմանավորվում էր նրանով, որ ֆիլմերը հետ էին բերում ներդրումներն արդեն իսկ ամերիկյան շուկայում եւ արտերկիր էին վաճառվում անհամեմատ էժան գնով, ինչը «խեղդում էր» եվրոպական եւ այլ երկրների կինեմատոգրաֆը՝ ստիպելով վերջիններիս կառավարություններին սուբսիդավորել իրենց ազգային կինեմատոգրաֆը պետբյուջեից: Հայաստանում, օրինակ, այս տարի կինեմատոգրաֆին պետբյուջեից կհատկացվի շուրջ 600 մլն դրամ:

Այսօր, սակայն, ամերիկյան կինոշուկան հասունացել է, ինչը նշանակում է Հոլիվուդի ուշադրության շեղում ամերիկյանից դեպի արագ աճող այլ շուկաներ, մասնավորապես, Հարավ-Արեւելյան Ասիա: Դրա հետ մեկտեղ աճում են կինոարտադրության ծախսերը:

Խնդիրը բարդանում է նրանով, որ չի աճում նաեւ կինովարձույթը: Դիսկերով ֆիլմերի վաճառքի գագաթնակետն արդեն հեռավոր 2004 թվականն է, իսկ ինտերնետային կինովարձույթը եւս չի նպաստում ոլորտի դինամիկ աճին: «Մարդիկ շարունակում են դիտել նույնքան ֆիլմեր, որքան մի քանի տարի առաջ, ուղղակի այդ նպատակին ուղղվող գումարները տարեկան նվազում են $6-ական մլրդ-ով», - ասում է Sanford C. Bernstein հետազոտական ընկերության ներկայացուցիչ Թոդ Ջենգերը:

Մինչդեռ ծախսերն աճում են: Հույսերը, որ տեխնոլոգիական առաջընթացը կէժանացնի կինոարտադրությունը, չարդարացան. բլոկբասթերներն այսօր միջինում արժեն $250-300 մլն եւ շարունակում են թանկանալ:

Այս պայմաններում փրկությունը կինոստուդիաների համար դինամիկ աճող շուկաներն են, որտեղ մարդիկ ավելի եւ ավելի շատ են սկսում կինոթատրոններ հաճախել: Չինաստանը, մասնավորապես, առաջ է անցել Ճապոնիայից՝ դառնալով մեծությամբ աշխարհի երկրորդ կինոշուկան: Սակայն նոր շուկաների հետ աշխատանքի պայմաններն այլ են. եթե ԱՄՆ-ում կինոստուդիաներին բաժին է հասնում կինոթատրոնների տոմսերի վաճառքի կեսը, ապա Չինաստանում՝ միայն մեկ քառորդը: Ավելին, չինական օրենսդրությամբ, օտարերկրյա ֆիլմերի ռելիզների թիվն այդ երկրում տարեկան չի կարող գերազանցել 34-ը, մինչդեռ հոլիվուդյան 6 խոշորագույն ստուդիաներն անցյալ տարի արտադրել են 134 ֆիլմ: Բացի այդ, հաշվի առնելով զարգացող երկրներում ֆիլմերի ապօրինի բեռնման լայն հնարավորությունները, այդ երկրներում նոր ֆիլմերի օրինական DVD-ները սկսում են վաճառվել ռելիզից կարճ ժամանակ անց:

Տնտեսական նոր իրողություններին Հոլիվուդը փորձում է պատասխանել հնարավորինս շատ «հիթեր» թողարկելով, սակայն արդեն ընդունված ճշմարտություն է, որ հիթերը դժվար է կանխատեսել: Nomura-ի տվյալներով, 2006-ից 2012-ն ընկած ժամանակահատվածում հոլիվուդյան 6 խոշորագույն կինոստուդիաները կրճատել են արտադրվող ֆիլմերի թիվը 14-ից 54%-ով, ինչպես նաեւ սկսել են էապես քիչ վճարել դերասաններին եւ ռեժիսորներին: Մի քանի տարի առաջ հայտնի դերասանը մեկ կինոյի համար կարող էր ստանալ $20 մլն եւ նոր ֆիլում նկարահանվելու առաջարկ էր ստանում կես տարին մեկ: Այժմ վճարը աստղերին մեկ ֆիլմի համար $10 մլն է, իսկ նոր առաջարկները ստացվում են 18 ամիսը մեկ: Ստուդիաները նաեւ սկսում են վարձել նոր ռեժիսորներ, որոնց ծառայություններն անհամեմատ էժան են: «Մենք ոչ կարողանում են վճարել, ոչ էլ արտադրել այնքան, որքան նախկինում», - խոստովանում է Paramount-ի ղեկավար Բրեդ Գրեյը:

Հենց դա է պատճառը, որ կինոաստղերին այսօր ավելի հաճախ կարելի է տեսնել հեռուստաշոուերում, քան կինոէկրանին, ստուդիաներն իրենց արտադրանքը վաճառելու նորանոր մեթոդներ են հորինում:

Դիտում՝ 2301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW