Մեկ տարուց Ռուսաստանի Սոչին կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք ամենաթանկարժեքն են դառնալու մինչ այժմ անցկացված թե ամառային, թե ձմեռային խաղերից:Խաղերի կազմակերպման նպատակով ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է $50 մլրդ, մինչդեռ, օրինակ, 2010 թ-ին կանադական Վանքուվերում անցկացված խաղերի արժեքն ընդամենը $3.6 մլրդ էր:Ի տարբերություն նախագահ Պուտինի, որին չի զարմացնում նման գումարների ծախսը, Սոչիի կառուցապատմանը մասնակցող ռուս միլիարդատերերը արդեն սկսել են դժգոհել ծախսերի ծավալից եւ սկսել են պահանջել պետությունից ինչ-որ չափով փոխհատուցել իրենց ծախսերը, գրում է Reuters-ը Սոչիի մասին իր հատուկ ռեպորտաժում: Ըստ հաշվարկների, մինչ օրս Սոչիի վերակառուցման վրա մասնավոր ներդրողները ծախսել են շուրջ $25 մլրդ, իսկ պետությունը՝ $13 մլրդ:Մագնատ Վլադիմիր Պոտանինը, որը կարողությամբ չորրորդ մարդն է Ռուսաստանում ($14,5 մլրդ), բողոքում է, որ իր ընկերությունները ստիպված են $530 մլն-ի հավելյալ աշխատանքներ կատարել Սոչիում եւ պահանջում է պետությունից սուբսիդավորել $750 մլն-անոց վարկի տոկոսադրույքները, որն ընկերությունը վերցրել էր պետական Վնեշէկոնոմբանկից՝ շինարարության համար:Մյուս միլիարդատեր ներդրող Օլեգ Դերիպասկան եւս նման բողոքներով է հանդես եկել:Փորձագետները կարծում են, որ մինչ այժմ Պուտինին հակաճառել չհամարձակվող օլիգարխների բողոքները կապված են այն հանգամանքի հետ, որ նրանք սկսել են կասկածել Սոչիի՝ իրականացված ներդրումները վերադարձնելու կարողությունը:Հնչեցվող բողոքները ոչ թե վերաբերում են պետպատվերներին, այլ միլիարդատերերի կամովի ներդրումներին Սոչիում, որոնք նրանք արել են, ակնկալելով, որ հետագայում մեծածավալ այլ պատվերներ կստանան պետությունից: Մեկ այլ կարծիքով, նրանց ուղղակիորեն հանձնարարվել է ներդնել Կրեմլի կողմից, ինչը ցույց է տալիս, թե որքան են օլիգարխները Ռուսաստանում կախված իշխանությունների կամքից:Կանխատեսվածից մեծածավալ ծախսերի ի հայտ գալը բերել է նրան, որ շինարարական աշխատանքները դանդաղել են, մասնավորապես, դեռ պատրաստ չեն բազմաթիվ հյուրանոցներ եւ օլիմպիական օբյեկտներ, իսկ կառուցապատում իրականացնող ընկերությունները վիճում են Մոսկվայի արբիտրաժներում:Ռուսաստանյան ընդդիմադիր Բորիս Նեմցովը հանդես է եկել հայտարարությամբ, որ այս բոլոր խնդիրների պատճառը շինարարությունում ներգրավված չինովնիկների կողմից միլիարդների հասնող գումարների յուրացումն է, մինչդեռ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ծախսերի՝ կանխատեսվածից մեծ չափը պայմանավորում է նախագծի մեծ ծավալով, «երբ անհնար է ամեն ինչ նախապես հաշվարկել»:Պոտանինը ներդրումները շուտ վերադարձնելու նպատակով նախատեսում էր վաճառել Սոչիում կառուցվող իր հյուրանոցները դեռ խաղերից առաջ, սակայն հետո, հավանաբար Կրեմլի կողմից, նրան կարգադրվել էր չանել դա: «Հասկանալի է, որ դրանք պահանջարկ կվայելեն Օլիմպիադայի ժամանակ, սակայն խաղերից հետո 3-4 տարվա ընթացքում դրանք կկորցնեն գրավչությունը»,- Reuters-ին ասել է Պոտանինը:Ռուսաստանցիներից շատերը եւս չեն հավատում, որ Սոչին կարող է դառնալ միջազգային պահանջարկ վայելող հանգստավայր: Տեղաբնակների վկայություններով, կառուցապատման ժամանակ օգտագործվող քիմիկատներն այնքան են պղտորել ջուրը, որ անգամ ռուսաստանցիներն են դադարում հանգստանալ Սոչիի լողափերում: Tweet Դիտում՝ 2377