Հայաստանի գործարարների 68%-ը համարում է, որ տեխնիկական հմտությունների պակաս է զգացվում, որի պատճառով դժվար է աշխատանքի ընդունել որակյալ մասնագետների: Ինչպես վկայում են Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Միջազգային գործարար զեկույցի (IBR) արդյունքները, այդ հարցում Հայաստանում որպես առաջնային խնդիրներ են նշվում աշխատանքային փորձի պակասը (86%) եւ ավելացող արտագաղթը (60%):Տեխնիկական հմտությունների պակասը լուրջ խնդիր է ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրներում: Այդ մասին է վկայում BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) հարցված գործարարների 61%-ը եւ «Մեծ յոթնյակ»-ի երկրների գործարարների 65%-ը: Այս խնդիրների ազդեցությունը բիզնեսի աճի հեռանկարների վրա ակնհայտ է. IBR-ը ցույց է տալիս, որ ամեն 4-րդ գործարար (28%) չի նախատեսում ընդլայնել բիզնեսը, քանի որ համապատասխան մասնագետների պակաս կա: Այդ ցուցանիշը ավելի բարձր է BRIC երկրներում (յուրաքանչյուր երեքից մեկը կամ 36%): Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում գործարարները ահազանգում են մասնագետների պակասի մասին: Գործարարների 10-ից գրեթե 4-ը (39%) խնդիրներ են ունենում համապատասխան հմտություններով մարդկանց գտնելու հարցում՝ նշելով, որ առաջնային խոչընդոտը այսօր տեխնիկական հմտությունների պակասն է (64%): Մտահոգությունն այն է, որ որակավորված մասնագետների պակասը կնվազեցնի ընկերության աշխատանքի արդյունավետությունը՝ ի վերջո սպառնալով բիզնեսի հետագա աճին եւ շահութաբերությանը: Tweet Դիտում՝ 2105