Գրանթ Թորնթոնը ողջունել է վարչապետի առաջարկը

01.02.2013 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գրանթ Թորնթոն ՓԲԸ տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը ողջունել է ՀՀ վարչապետի նախաձեռնությունը` խոշոր ընկերությունների աուդիտի տվյալները մեկ վայրում հրապարակելու մասին:

Այդ առաջարկով Տիգրան Սարգսյանը հանդես էր եկել հունվարի 31-ին` ՀՀ կառավարության նիստում:

«Որպես աուդիտորական ընկերություն, մենք ողջունում ենք բոլոր այն միջոցառումները, որ ձեռնարկվում են հասարակության համար տեղեկատվությունն առավել թափանցիկ ու հասանելի դարձնելու ուղղությամբ: Ինքներս էլ երբեմն առնչվում ենք այնպիսի դեպքերի հետ, երբ հանրամատչելի աղբյուրներից շատ դժվար, նույնիսկ անհնար է գտնել տեղեկատվություն այս կամ այն ընկերության վերաբերյալ: Բազմիցս նշել ենք, որ խոշոր ձեռնարկությունների պարտադիր աուդիտ անցնելու մասին օրենքն իր նպատակին լիովին կծառայի, երբ լինեն հստակ մեխանիզմներ իրականացվող աուդիտի որակի վերահսկողությունն ապահովելու համար եւ ապահովվի ընկերության գործունեության հրապարակային ներկայացումը: Օրենքն ուժի մեջ է արդեն 3 տարի, եւ այն նախատեսում է աուդիտորական եզրակացությունների հրապարակման հստակ կարգ, մինչդեռ այսօր էլ խոշոր ընկերությունների շարքում կան այնպիսիք, որոնք նույնիսկ սեփական կայք չունեն: Այդ առումով, կարծում ենք, որ առաջարկվող միասնական տեղեկատվության աղբյուրի առկայությամբ նշածս երկու խնդիրներից գոնե վերջինը լուծում կստանա», - Մեդիամաքս-ին ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Մենք նաեւ կիսում ենք այն տեսակետը, որ պետության կողմից տարբերակված մոտեցում պետք է կիրառվի այն ընկերությունների հանդեպ, որոնց աուդիտի ընթացքում հայտնաբերվել էական խնդիրներ՝ վարչարարական վերահսկողության գործառույթների առավել խստացված իրականացմամբ, ի տարբերության այլ ընկերությունների, որոնց աուդիտորական եզրակացությունը ռիսկային խնդիրներ չի պարունակում», - նշել է Գրանթ Թորնթոն ՓԲԸ տնօրենը:

Դիտում՝ 6624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW