Աշոտ Օսիպյան. 2012թ. ՀՀ բանկերի կապիտալն ավելացել է 10.5%-ով

31.01.2013 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 10.5%-ով եւ կազմել 409 մլրդ 510 մլն դրամ, ինչը պայմանավորված էր ինչպես կանոնադրական կապիտալների համալրմամբ, այնպես էլ շահույթով, այսօր ասել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը:

Ամփոփելով 2012-ին բանկային համակարգի գործունեության արդյունքները՝ նա ասել է, որ համակարգի համախառն ակտիվները 2012-ին կազմել են 2 տրլն 412 մլրդ դրամ՝ աճելով 18%-ով:

Վարկային ներդրումները բանկերի կողմից Հայաստանում 2012-ին աճել են 21%-ով եւ կազմել 1 տրլն 518 մլրդ դրամ:

«Բանկերի ընդհանուր պարտավորությունները անցյալ տարի աճել են 19.7%-ով եւ կազմել մոտ 2 տրլն դրամ: Հաճախորդների նկատմամբ բանկերի պարտավորությունները աճել են 17.9%-ով՝ կազմելով 1 տրլն 238 մլրդ դրամ:
Ավանդները համակարգում աճել են 7.4%-ով եւ կազմել 1 տրլն 132 մլրդ դրամ», - ասել է Աշոտ Օսիպյանը:

Նա նշել է նաեւ, որ համակարգի համախառն շահույթը 2011-ի հետ համեմատ աճել է 15%-ով եւ կազմել 42.7 մլրդ դրամ: 2012-ին Հայաստանում գործող բոլոր 21 բանկերը միասին վճարել են ավելի քան 25.8 մլրդ հարկեր նախորդ տարվա 21.6 մլրդ-ի փոխարեն:

ՀԲՄ նախագահը նշել է, որ բանկերի հիմնական խնդիրներից մեկը 2012-ին եղել է տարածքային զարգացումը, ինչի արդյունքում բացվել է 28 նոր մասնաճյուղ:

Անդրադառնալով ոլորտի եկամտաբերությանը՝ Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ բանկային համակարգում ակտիվների վերադարձելիությունը (ROA) 2012-ին կազմել է 2% (2011-ի 2.36%-ի դիմաց), իսկ կապիտալի եկամտաբերությունը (ROE)՝ 11.2% (2011-ին՝ 12.5%): Այս ցուցանիշների նվազումը Աշոտ Օսիպյանը բացատրել է այն հանգամանքով, որ 2012-ին բանկային ավանդների միջին տոկոսադրույքը մնացել է նույնը, իսկ վարկային տոկոսադրույքները նվազել են միջինում 1 տոկոսային կետով, ինչը հանգեցրել է եկամտաբերության որոշակի նվազման:

«Բանկային ակտիվները 2012-ի արդյունքներով կազմում են Հայաստանի ՀՆԱ 58.1%-ը (2011-ին՝ 54,2%), սա շատ լավ ցուցանիշ է, եւ 2008-ից առ այսօր մենք այս ցուցանիշը բարելավել ենք 2 անգամ»,- ասել է Աշոտ Օսիպյանը, հավելելով, որ վարկային ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2011-ի համեմատ բարելավվել է 1,9 տոկոսային կետով եւ կազմել 36.8%, իսկ ավանդներ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 1,6 տոկոսային կետով (27.3%):

«Չաշխատող վարկերը համախառն վարկային պորտֆելում կազմել են 3.6%՝ անցյալ տարվա հետ համեմատ նվազելով 0.4 տոկոսային կետով: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում նույն ցուցանիշը կազմել է 8%, իսկ Վրաստանում՝ 12%», - եզրափակել է ՀԲՄ նախագահը:

Դիտում՝ 1927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW