Դավոս 2013. Գերիշխում է հոռետեսությունը

23.01.2013 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայր Դավոսում այսօր մեկնարկել է ավանդական  բիզնես-ֆորումը, որին Հայաստանն արդեն ավանդաբար չի մասնակցում` այդ “հաճույքի” թանկության պատճառով:

Ամենամյա ֆորումին ավանդաբար նախորդող հարցումը (հարցվել է թվով 1330 գլխավոր գործադիր տնօրեն 68 երկրից), թե ինչ ուղիով կշարժվի աշխարհը 2013-ին, համաշխարհային տնտեսությունում զարգացման մեծ հույսեր չի տալիս. PwC-ի կողմից հարցվածների 52%-ը չի կանխատեսում որեւէ փոփոխություն, 28%-ը կանխատեսում է անկում եւ ընդամենը 18%-ն է սպասում դրական զարգացումների: Դրականն այստեղ, թերեւս, այն է, որ անցյալ տարվա հարցման արդյունքներով բացասական սպասումներ ուներ հարցվածների 48%-ը, հաղորդում է BBC-ն:
 
«Գլխավոր տնօրենները կարծում են, որ մենք մտել ենք հերթական տարի, երբ գլոբալ տնտեսությունը դեռ չի ցանկանում վերականգնվել»,- ֆորումի մեկնարկին ասել է PwC International-ի ղեկավար Դենիս Նալին:

Այս տարվա հավաքին Դավոսը հյուրընկալում է ավելի քան 1500 բիզնես-լիդերի եւ 50 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի վարչապետներին, որոնք փորձելու են մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացնել իրենց երկրներում ներդրումներ կատարելու նկատմամբ:

Սակայն զարմանալի չէ, որ այս տարի Դավոսում քննարկումների գլխավոր թեման է լինելու հենց զարգացած, այլ ոչ թե զարգացող երկրներում ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը, ինչն իր հերթին պետք է խթանի զարգացող տնտեսություններին, որոնք վերջերս դանդաղում են զարգացած երկրներում համախառն պահանջարկի անկման պատճառով:

«Ավելի քան ակնհայտ է, որ համաշխարհային տնտեսության ապագան հիմնված է առաջնորդների հանդեպ վստահության վերականգման վրա»,- ֆորումի օրակարգի վերաբերյալ մամուլի ասուլիսում ասել է Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի (ՀՏՖ, դավոսյան ֆորումի կազմակերպիչ) հիմնադիր Կլաուս Շվաբը, հաղորդում է Reuters-ը:

Edelman միջազգային PR-ընկերության կողմից 26 երկրներում անցկացված հարցումները ցույց են տվել (զեկույցը հրապարակվել է երկուշաբթի), որ հանրության ընդամենը 26%-ն է հավատում իրենց սոցիալական խնդիրները լուծելու՝ բիզնես-առաջնորդների ունակությանը, իսկ ինչ վերաբերում է կառավարությունների ղեկավարների նույն ունակությանը, ապա այստեղ վստահությունն էլ ավելի ցածր է (15%):

Թեեւ Եվրամիությանը 2012-ին հաջողվել է պահպանել եվրոգոտին, իսկ Վաշինգտոնը կարողացել է խուսափել «ֆիսկալ անդունդից», անցյալ ամիս ՀՏՖ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ բիզնես-լիդերները եւ տնտեսագետ-գիտնականները չեն հավատում հիմնարար տնտեսական խնդիրները լուծելու քաղաքական գործիչների ունակությանը:

Դիտում՝ 2131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW