Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է բյուջեի՝ լիովին կատարված ցուցանիշներով, ինչի անհնարինության մասին ողջ տարվա ընթացքում ի լուր աշխարհի հայտարարում էին հոռետեսները:«Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի չափազանց առատ բերք է եղել, եւ վերամշակող ընկերությունները, ականջալուր լինելով իշխանությունների հորդորներին, արել են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքը ջուրը չթափվի, մթերել են ռեկորդային քանակությամբ միրգ ու բանջարեղեն` միաժամանակ մեծ ջանքեր գործադրելով իրացման նոր շուկաներ ու նոր պայմանագրեր ձեռք բերելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետեւողական: Մեր նպատակն է, որ տեղական եւ օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն եւ օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը պետք է լինի առարկայական, տեսանելի ու շոշափելի` երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում: Հետեւողականորեն շարունակելու ենք զարգացնել եւ արդիականացնել հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը:Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր նոր տարին լինի նախորդից ավելի արդյունավետ, լինի առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների եւ ավելացնի բարիքները մեր երկրի ու ժողովրդի համար: Ապագայում եւս շարունակվելու են կառավարություն-բիզնես երկխոսությունն ու համագործակցությունը: Այստեղ մենք արդեն ունենք դրական փորձ եւ զգալի արդյունքներ: Այդ արդյունքները պետք է ամրապնդվեն, իսկ համագործակցությունը պետք է խորանա եւ նոր լիցք ստանա», - ասել է ՀՀ նախագահը: Tweet Դիտում՝ 1677