Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն կարծում է, որ չնայած ընդհանուր սահմանի բացակայությանը` Հայաստանը կարող է համագործակցել Մաքսային միության (ՄՄ) հետ: «Շատերի համար դա [ընդհանուր սահմանի բացակայությունը] անհաղթահարելի խոչընդոտ էր թվում: Բայց ըստ ինձ, դա այդպես չէ: Իհարկե, Հայաստանը շատ զգայուն ենթակառուցվածքային սահմանափակումներ ունի. նրա միակ տրանսպորտային միջանցքը Մաքսային միության հետ անցնում է Վրաստանի տարածքով: Սակայն Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունը արտահայտված է, եւ այն կայանում է նրանում, որ այն եվրասիական երկիր է: Պետք է նայենք բոլոր հետաքրքիր ձեւաչափերին: Ընդհանուր առմամբ, աշխարհը փոխվում է, եւ մեր զինանոցում կարող են փոխգործակցության նոր մոդելներ լինել, որոնք մինչ այդ գոյություն չունեին», - ասել է Վիկտոր Խրիստենկոն «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ վերջերս ՄՄ անդամները Ուկրաինայի կառավարության հետ առեւտրի եւ տեխնիկական կարգավորման ոլորտում համագործակցության հուշագրեր են ստորագրել: «Դրանք երկխոսության հարթակներ են: Այժմ, եթե Ուկրաինայի հետ առեւտրային հարաբերություններում որեւէ խնդիրներ են ծագում, օրինակ` շուկայում դեմպինգի նշաններ, կամ էլ որեւէ այլ ոչ պատշաճ վարքագիծ, մենք սկսում ենք խորհրդակցությունները», - ասել է Խրիստենկոն: Նա տեղեկացրել է, որ «մենք վերջերս պայմանավորվեցինք Հայաստանի կառավարության հետ, որ նմանատիպ հուշագրեր կպատրաստենք»: «Կարծում եմ, որ Հայաստանի հետ գործակցությունը կարող է նույնիսկ ավելի ինտենսիվ լինել, քան Ուկրաինայի հետ», - ասել է Խրիստենկոն:Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. դեկտեմբերի 5-ին Վիկտոր Խրիստենկոն հանդիպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել էին Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները, անդրադարձ էր կատարվել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին: Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, վարչապետը նշել էր, որ այժմ հաջողությամբ ընթացքի մեջ են ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, որոնք մեր երկիրը նախատեսում է ավարտին հասցնել 2013 թվականին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով եւ դրանք դիտարկում է միմյանց փոխլրացնելու տեսանկյունից: Հիշեցնենք, որ վերջերս Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Գագիկ Քոչարյանն ասել էր.«Մաքսային միությունը ենթադրում է, որ անդամ երկրների միջեւ վերանում են մաքսային անցակետերը, եւ այդ երկրներն այլեւս չեն կարող ինքնուրույն վարել իրենց արտաքին առեւտրի քաղաքականությունը:Այսօր մենք բանակցում ենք ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շուրջ, որը շատ մեծ արդյունքներ կտա Հայաստանին, ու եթե մենք մտնենք մաքսային միության մեջ, DCFTA-ի մասին կարող ենք մոռանալ»: Tweet Դիտում՝ 5685