Երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 ընկերություններ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման եւ օրինախախտումների համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ կտուգանվեն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափով` տարեկան հասույթի 1 տոկոսով:Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ հանձնաժողովի կողմից երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տեւած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ 21 արտադրողներ, այդ թվում` «Մուշ», «Ա. Բիլյան», «Նատֆուդ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Էրեբունի աստղ», «Կարինե եւ Նարինե», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ» եւ այլն:Արտադրողների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ, մասնավորապես` երշիկի պատրաստման ընթացքում օգտագործված իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չլինելը: Պարզվել է նաեւ, որ երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվել է մեծաքանակ սոյա, սոյայի ալյուր, սպիտակաձավար, ալյուր, ֆոսֆատ եւ այլ բաղադրիչներ:Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմել է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինել է գոմեշի ներկրված միսը: Տնտեսվարողների տրամադրած փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործված մսի 1 կգ գինը կազմում է 700-800 դրամ, ինչը, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ երշիկի արտադրության մեջ օգտագործվում է գոմեշի ներկրված միս: «Խախտումների վերաբերյալ տնտեսվարողի բացատրությունը հիմնականում կայանում է օրենքի չիմացությամբ», - ասել է ՏՄՊՊՀ-ի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը:Արտակ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են նաեւ մի շարք օրենսդրական բացեր, ինչի վերաբերյալ հանձնաժողովը կմշակի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթը: Tweet Դիտում՝ 3298