Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԱԿԲ) հետաքննում է «Быстрая почта» դրամական փոխանցումների համակարգի գործողությունները «Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի տարածքում»: Այդ մասին Trend-ին ասել է ԱԿԲ մամուլի բաժնի ղեկավար Ռուֆատ Աբասովը: «Եթե այդ փաստը հաստատվի, Կենտրոնական բանկը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի հետ «Быстрая почта»-ի գործառնությունների դադարեցման ուղղությամբ», - ասել է Աբասովը: «Быстрая почта»-ի կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, համակարգը ներկայացված է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում, Հադրությում: Տարբեր ժամանակ ԱԿԲ-ն ադրբեջանական բանկերին հանձնարարել էր դադարեցնել համագործակցությունը Contact, Migom, Leader, Western Union, Moneygram, «Золотая корона», «Privat Money» դրամական փոխանցումների համակարգերի հետ: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկը արգելել էր «Զոլոտայա Կորոնա» համակարգի գործունեությունը Հայաստանում: Մասնավորապես, պարզվել էր, որ օպերատորը, առանց որեւէ պատճառաբանության, բազմիցս չէր ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:Նույն պատճառաբանությամբ ս.թ. սեպտեմբերի սկզբին արգելվել էր «Միգոմ» համակարգի, իսկ 2008 թվականի օգոստոսին՝ Western Union-ի գործունեությունը Հայաստանում:UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը այս տարվա հոկտեմբերին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշել էր. «Աշխատելով ցանկացած երկրում՝ ընկերությունը, անկախ բիզնեսի ուղղվածությունից, պետք է լիովին հետեւի կարգավորողների կողմից սահմանված կանոններին: Հեռանալով հարցի քաղաքական բնույթից՝ հիշեցնեմ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ժամանակին բոլոր համակարգերին պահանջ է ներկայացրել աշխատել երկրի ամբողջ տարածքում, ավելին` դրա մասին տեղեկացնելով հաճախորդներին: Միանգամայն տրամաբանական պահանջ է. Հայաստանի բոլոր շրջաններում բնակվող մարդիկ իրավունք ունեն օգտվելու սպասարկման նույն մակարդակից երկրի ամբողջ տարածքում եւ բավականաչափ իրազեկված լինել բոլոր ծառայությունների վերաբերյալ: Վերջին հաշվով, ֆինանսական շուկայում հենց կարգավորողն է պատասխանատու, որպեսզի հաճախորդների շահերն ամբողջովին պաշտպանված լինեն: Երեւի թե ոչ բոլոր ընկերություններն են հավասարաչափ արձագանքել այդ պահանջներին: Կարելի է ենթադրել, որ դա որոշակի պատժամիջոցների հանգեցրեց: Այդ պատճառով էլ ձեր հարցի պատասխանը մեկն է` պետք է հստակ տեղյակ լինել եւ կատարել օրենքով սահմանված պահանջները: Ի դեպ, ժամանակին UNISTREAM-ը եւս ծանր իրավիճակում հայտնվեց: Մեզ խնդրեցին հեռանալ Ադրբեջանից այն պատրվակով, որ մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղում: Մենք ընտրեցինք աշխատանքը Հայաստանում եւ գնացինք Ադրբեջանից: Սա, երեւի թե, այն հարցերից մեկն է, որի մասին ես ավելի վաղ խոսեցի. բոլոր համակարգերը պետք է աշխատեն հավասար պայմաններում եւ հստակ հետեւեն կարգավորողի պահանջներին: Իսկ կարգավորողը, իր հերթին, պետք է հետամուտ լինի ընտրած դիրքորոշմանը՝ հետեւելով այսպես կոչված «fair play» սկզբունքին՝ նրանց համար, ով հստակ կատարում է իր պահանջները: Կարծում եմ, այստեղ պետք է բացառվի երկակի ստանդարտների սկզբունքը»: Tweet Դիտում՝ 6560