Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ շահույթը 2012թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ մինչեւ տարեվերջ բանկը մտադիր է հասցնել այն 4,5 մլրդ դրամի: Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը եւ ՎՏԲ 24-ի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովը ներկայացրել են 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում բանկի արդյունքները: Հիմնական գործունեության եկամուտը հասել է 12,2 մլրդ դրամի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,5%-ով: Կապիտալի (ROE) եւ ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները կազմել են համապատասխանաբար 11,6% եւ 1,8%: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ բանկը կապիտալի եկամտաբերության նպատակային 15% ուղենիշին կհասնի:Գործառնական եկամտով` առանց հարկերի եւ պահուստների, բանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 36,8%-ով եւ կազմել 60,9 մլրդ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 21,5%-ով եւ կազմել 86,8 մլրդ դրամ: Յուրի Գուսեւի խոսքերով, շատ դինամիկ կերպով զարգանում են ինչպես մանրածախ հատվածը, այնպես էլ կորպորատիվ վարկավորումը` ընդ որում, թե խոշոր, եւ թե միջին բիզնեսի: «Մենք ավելի շատ ենք մուտք գործում դասական փոքր բիզնես: Ակնկալում ենք, որ հաջորդ տարեվերջին փոքր բիզնեսի վարկային փաթեթը կկազմի շուրջ 16-18 մլրդ դրամ”,- նշել է Յուրի Գուսեւը: ՎՏԲ24-ի փոխնախագահ Վսեվոլոդ Սմակովն ասել է, որ “հայկական շուկայում ՎՏԲ խմբի ռազմավարության շրջանակներում կատարված հաջող աշխատանքը թույլ է տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկին ամրապնդել իր դիրքերը, մասնավորապես շուկայի մանրածախ հատվածում»: «Շնորհիվ ֆիզիկական անձանց եւ փոքր բիզնեսին վարկերի տրամադրման արդյունավետ աշխատանքի, բնակչության միջոցների ներգրավման, սպասարկման հեռակա կառավարման տարբերակների զարգացման եւ մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ՎՏԲ-Հայաստան Բանկը մի շարք ցուցանիշներով հանդիսանում է շուկայի առաջատարը»,- նշել է Վսեվոլոդ Սմակովը: Tweet Դիտում՝ 8327