Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում կայացած «DigiTec Expo 2012» ցուցահանդեսի շրջանակներում Յունիբանկը ներկայացրել է U-Bank ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրենց սմարթֆոնների միջոցով կառավարել բանկային հաշիվները, բանկային հաշվի միջոցներից կատարել կոմունալ վճարումներ եւ այլ գործարքներ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի լրատվական ծառայությունում, ՀՀ բանկային համակարգում U-Bank ծառայությունը ներդրվում է առաջին անգամ եւ իրենից ներկայացնում է անվճար ծրագիր, որը շուտով կարելի է ներբեռնել Google Play ու App Store` Android եւ iOS հարթակների հիման վրա շխատող սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով: Ցուցահանդեսում բոլոր ցանկացողները մանրամասնորեն ծանոթացան ծրագրի հետ եւ կատարեցին որեւէ գործարք, իսկ U-Bank ծառայությունը ներկայացնում էր նաեւ վիրտուալ պրոմոութերը: Այցելուներին ներկայացվեց նաեւ սմարթֆոնների համար մշակված նոր ծրագիրը, որը ներառում է Յունիբանկի մասնաճյուղերի բանկոմատների, ինչպես նաեւ «Մագնիս» արտոնությունների ծրագրի գործընկերների հասցեները եւ նրանց կողմից բանկի քարտապաններին տրամադրվող զեղչերը: Բանկը ներկայացրեց նաեւ իր նոր վճարային տերմինալները, որոնց միջոցով կարելի է իրականացնել UNISTREAM դրամական փոխանցումներ, վարկերի մարումներ, կոմունալ վճարումներ եւ այլն: Մոտ ապագայում Յունիբանկը կտեղադրի մոտ 60 նման տերմինալ: «Ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա մշակված` բանկի նոր ծառայությունները եւս մեկ քայլ են դեպի հաճախորդամետ սպասարկում: U-Bank ծառայության շնորհիվ հաճախորդները կարող են իրականացնել մի շարք բանկային ծառայություններ` օգտագործելով միայն իրենց հեռախոսը»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Tweet Դիտում՝ 3972