Երեւան/Մեդիամաքս/. Այսօր տեղի է ունեցել Համահայկական Բանկի եւ Մեդասիստ բժշկական կենտրոնի միջեւ երկարաժամկետ վարկային պայմանագրի ստորագրման արարողությունը: 315 միլիոն դրամի վարկը տրամադրվում է Մեդասիստ բժշկական կենտրոնի բուժծառայությունների ընդլայնման եւ զարգացման ծրագրի ֆինանսավորման նպատակով: Մեդասիստ բժշկական կենտրոնը դինամիկ զարգացող բուժհաստատություն է, որը զարգանում է որպես ընտանեկան եւ ապահովագրական բժշկության կենտրոն: Կենտրոնը ներկայումս մատուցում է մի շարք ամբուլատոր բուժծառայություններ, այդ թվում` ատամնաբուժական: Համահայկական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է՝ ընդարձակել բժշկական կենտրոնի գործունեության տարածքները, ձեռք բերել արդիական բուժսարքավորումներ եւ ավելացնել նոր ախտորոշիչ եւ կանխարգելիչ բուժծառայություններ: Ներդրումների շնորհիվ Մեդասիստ բժշկական կենտրոնը հնարավորություն է ստանում հանդես գալ որպես բարձրորակ եւ միջազգային չափանիշներին համապատասխան բուժծառայություններ մատուցող բուժհիմնարկ եւ ընդարձակել իր հաճախորդների բազան՝ սպասարկելով նաեւ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների, գործարարների, եւ Հայաստանում օտարերկրյա ներդրողների: Համահայկական Բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է: Բանկի նպատակն է՝ իրականացնել երկրի մրցունակ եւ արտահանմանը միտված մասնավոր միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի ներդրումային երկարատեւ՝ մինչեւ 10 տարի ժամկետով, ֆինանսավորում: Համահայկական Բանկն իր ֆինանսավորումներն իրականացնում է առաջնորդվելով զուտ շուկայական կանոններով: Համահայկական Բանկի հաճախորդներ կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող, այդ թվում՝ նաեւ օտարերկրյա կապիտալով, մասնավոր միջին չափի այն ձեռնարկությունները, որոնք ունեն մրցունակ արտադրանք կամ ծառայություն, ֆինանսական եւ վարկային դրական պատմություն, պատշաճ մշակված գործարար ծրագիր, ինչպես նաեւ հմուտ, ուժեղ եւ հաջողած կառավարման անձնակազմ: Tweet Դիտում՝ 2912