Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է 10 երկրիների տնտեսագետների կողմից հեղինակած «Համաշխարհային տնտեսությունն այսօր. հիմնական միտումներ եւ զարգացումներ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակային խմբի ղեկավարն է Հայաստանի ներկայացուցիչ, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ գրքում տեղ են գտել համաշխարհային տնտեսությունում վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցող զարգացումների վերլուծություններ: Նրա խոսքով, համաշխարհային տնտեսությունը փոփոխվում է դինամիկ տեմպերով, եւ գրքի նպատակն էր հասկանալի դարձնել այդ փոփոխությունները եւ մատնանշել, թե ինչ ուղղությամբ են ընթանալու համաշխարհային տնտեսական զարգացումներն ապագայում: «Գիրքը հեղինակել են տարբեր երկրների համալսարանների եւ միջազգային կառույցների անվանի գիտնականներ, ինչը հնարավորինս անաչառ մոտեցումներ է ձեւավորել համաշխարհային տնտեսության դինամիկ զարգացումների վերաբերյալ», - ասել է Թաթուլ Մանասերյանը: Աշխատությունը լույս է տեսել Թաթուլ Մանասերյանի ղեկավարած «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Բելգիայի Անտվերպենի համալսարանի համագործակցության արդյունքում:Շնորհանդեսին ներկա ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիլյերմո Տոլոսան ասել է, որ թեեւ 2007-08թթ. համաշխարհային ճգնաժամը սկսվեց Lehman Brothers բանկի եւ բազմաթիվ այլ կառույցների սնանկացմամբ, ճգնաժամի արդյունքում ամենամեծը գաղափարական սնանկացումն էր, որը ստիպեց շատերին մտածել ներկայիս տնտեսական զարգացման մոդելների անկայուն լինելու մասին: Ըստ Գիլյերմո Տոլոսայի, դրա վառ ապացույցը «արաբական գարունն» է, եւ գիրքը կոչված է պատասխանելու նման եւ այլ անկյունաքարային հարցերի:Գիրքն անգլերեն լեզվով է եւ վաղվանից կվաճառվի գրախանութներում: Նախատեսվում է, որ աշխատությունը կօգտագործվի աշխարհի տարբեր համալսարաններում եւ գիտական կենտրոններում: Tweet Դիտում՝ 1615