Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. մայիսի 25-ից օգոստոսի 1-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող «Երիտասարդները բիզնեսում» վարկային ակցիան, պահանջարկից ելնելով, երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 1-ը:Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, չնայած ամառը վարկավորման տեսանկյունից համարվում է պասիվ շրջան, այնուամենայնիվ, վարկավորման համար դիմած երիտասարդ գործարարները շատ ակտիվ են եղել: Մասնավորապես, ակցիայի շրջանակում բանկն արդեն բավարարել է 25 հայտ՝ տրամադրելով ավելի քան 154 մլն դրամի վարկային միջոցներ: Ի տարբերություն բանկում բիզնես-հանրությանն ուղղված ավանդական առաջարկների, ակցիայի շրջանակում տրամադրվող վարկերի սակագները ցածր են 2-3 տոկոսային կետով: Կախված արժույթից (ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար) եւ մարման ժամկետից, վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11.5%-ից մինչեւ 15.5%, առավելագույն ժամկետը` մինչեւ 5 տարի, առավելագույն գումարը` մինչեւ 35 մլն դրամ: Նվազեցված են նաեւ վարկային փաթեթի կազմման եւ սպասարկման վճարները: Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների իրականացման, հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաեւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով: Ակցիային կարող են մասնակցել այն բիզնես-կառույցները, որոնցում 60 եւ ավելի տոկոս մասնակցությունը պատկանում է 35 տարեկանը չգերազանցող գործարարներին, որոնք բաժնետիրոջ կարգավիճակում հանդես են գալիս առնվազն 6 ամիս: Tweet Դիտում՝ 5756