Երեւան/Մեդիամաքս/. 2013-ից Լատվիան նոր հարկային ռեժիմ է ներդնում՝ ազատելով բիզնեսը մի շարք հարկատեսակներից:Ըստ մերձբալթյան երկրի իշխանությունների, դա արվում է ԱՊՀ երկրներից կապիտալի ներգրավման նպատակով, գրում է RBK Daily-ն:Լատվիան վաղուց հետաքրքրություն էր առաջացրել ԱՊՀ երկրներում՝ այնտեղ անշարժ գույք գնելու դիմաց կացության իրավունք տրամադրելու շնորհիվ: Նշենք, որ անցած տարի Հայաստանում բացվել է լատվիական Rietumu բանկի ներկայացուցչությունը, որի նպատակներից է խթանել հայկական ներդրումները Լատվիա: 2013թ. հունվարի 1-ից Լատվիան վերացնում է մի շարք հարկատեսակների գանձումը բիզնեսներից, որոնք աշխատում են արտերկրի գործընկերների հետ: Հարկերից ազատվելու է շահույթը, որը լատվիական ընկերությունները ստանում են այլ իրավաբանական անձերում բաժնեմասի վաճառքից, ինչպես նաեւ շահութաբաժինները եւ ռոյալթին, որոնք ստացվում կամ վճարվում են տեղական բիզնեսներին ոչ ռեզիդենտներից այն դեպքում, եթե վերջիններս գտնվում են ԵՄ սահմաններում եւ չեն վերաբերում հանրահայտ հարկային «դրախտներին»:Նույնը 2014-ից տարածվելու է նաեւ ԱՊՀ երկրների վրա: Այդ պահին հարկումից կազատվեն նաեւ արտասահմանյան կապալառուներին լատվիական ընկերությունների կողմից վճարվող տոկոսավճարները:«Արտոնությունները զգալի կլինեն այն արտասահմանյան ներդրողների համար, որոնք կցանկանան հիմնել այստեղ, օրինակ, սեփական արտադրություն: Փոփոխությունները կերաշխավորեն, որ բիզնեսի վաճառքի ժամանակ ներդրողը չի բախվի քողարկված վճարների հետ: Բացի այդ, Լատվիան հրաշալի տեղ է ամբողջ ԵՄ-ում բիզնեսի զարգացման համար», - ասել է РБК daily-ին Rietumu բանկի հաճախորդների ակտիվների կառավարիչ Պավել Մելամեդը: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից Լատվիայում 22-ից 21%-ի իջեցվել է ԱԱՀ-ը, ինչպես նաեւ բիզնեսի առաջին 3 տարիների համար 25-ից 20%-ի է նվազեցվել եկամտահարկը: Շահութահարկի դրույքաչափը Լատվիայում (15%) զիջում է այլ հայտնի օֆշոր Կիպրոսի նույն դրույքին (10%), բայց զգալիորեն տարբերվում է Բելգիայի (33,99%), Ֆրանսիայի (36,1%), Գերմանիայի (30—33%) եւ Մեծ Բրիտանիայի (24%) շահութահարկի դրույքաչափերից: Tweet Դիտում՝ 4610